Ռուս փորձագետ. Ռուսաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության ապասառեցմանը

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի Դաշնությունը դեմ է ղարաբաղյան հակամարտության ապասառեցմանը, քանի որ դա փաստորեն կնշանակի ռազմական գործողությունների ծավալում տարածաշրջանում»,-հայտարարել է հայտնի ռուս քաղաքագետ, Ազգային քաղաքացիական խորհրդի միջազգային գործերով նախագահ, Քաղաքական հետազոտությունների տնօրեն, քաղաքագիտության պրոֆեսոր Սերգեյ Մարկովը: Ըստ նրա, ներկայումս ղարաբաղյան հակամարտությունը սառեցված է եւ ոչ մի առաջխաղացում մոտ ապագայում ակնկալել չարժե: Սառեցման շրջանից հակամարտությունը կարող է դուրս գալ մի քանի հանգամանքների դեպքում, որոնց թվում է ներքին տարաձայնությունները ԼՂՀ-ում: Դրա հետ մեկտեղ, ըստ Մարկովի, կա նաեւ Ադրբեջանի ներսում սուր քաղաքական պայքարի ծավալման տարբերակ, որը կարող է իշխանության բերել պատերազմի կուսակցությանը, որի արդյունքում էլ կարող է փոխվել իրավիճակը: Ներքին ճգնաժամ, ըստ քաղաքագետի, կարող է տեղի ունենալ նաեւ Հայաստանում, որի արդյունքում կարող է թուլանալ Երեւանի աջակցությունը Ղարաբաղին: «Բոլոր այդ տարբերակները քիչ հավանական են, սակայն չեն բացառվում»,-նշում է քաղաքագետը:



Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին այն մասին, թե 2006 թվականը կարող է պատուհան դառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում` ապա քաղաքագետը չի թաքցնում իր հոռետեսությունը այդ առիթով: «Նրանց աշխատանքն է այդպիսին` անվերջ խոսել եւ աջակցել բանակցային գործընթացին»,-բացատրում է Մարկովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչները հիանալի հասկանում են, որ խոսքը «տաքարյուն կովկասցի քաղաքական գործիչների մասին է»: Ըստ քաղաքագետի փոփոխություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե կտրուկ փոխվի ուժերի հարաբերակցությունը կողմերի միջեւ: «Դեռեւս հավասարակշռությունը համապատասխանում է նրան, որ հակամարտությունը սառեցված մնա»,-համոզված է քաղաքագետը: Հատկանշական է, որ այսօրվա դրությամբ, ըստ Մարկովի, երբ չկա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մոդել, նրա ապասառեցումը կնաշանակի ռազմական գործողությունների ծավալում: «Այդ պատճառով Ռուսաստանը դեմ է ապասառեցմանը»,-հայտարարել է քաղաքագետը: Եվ հետո, ըստ Մարկովի, շարունակվող բանակցային գործընթացը կարելի է դիտարկել որպես սառեցված հակամարտության մի մաս, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---