Հիքմետ Չեթին. Թուրքիան չպետք է միջամտի Սիրիայի գործերին

Հիքմետ Չեթին. Թուրքիան չպետք է միջամտի Սիրիայի գործերին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Հիքմետ Չեթինը նշել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան հեռու են Սիրիայից: «Նրանք կիրականացնեն գործողությունն այդ երկրում, հետո կհեռանան, իսկ Թուրքիան կմնա Սիրիայի կողքին, ուստի Թուրքիան չպետք է միջամտի»,-ասել է նա:

Չեթինը նաև նշել է, որ մինչ Սիրիայի վրա հարձակվելը ՄԱԿ առաքելությունը պետք է պարզի, արդյոք քիմիական զենք կիրառվել է այդ երկրում: Նախկին ԱԳ նախարարը գտնում է, որ, եթե դա հաստատվի, ողջ աշխարհը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի: Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ համաշխարհային հանրությունը պետք է առավել կոշտ միջոցներ ձեռնարկի դադարեցնելու համար բռնությունը Սիրիայում: «Քիմիական զենքի կիրառումը Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմից վերջին կաթիլը դարձավ սիրիական ճգնաժամում: Դրանից հետո հարկավոր է առավել կոշտ միջոցների դիմել»,-ասել է Էրդողանը:

Ըստ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, Սիրիայի խնդիրը լուծելու համար հարկավոր է ակտիվացնել դիվանագիտական ու քաղաքական գործընթացները, ինչպես նաև ներգրավել Ռուսաստանին ու Իրանին: Գյուլը հայտարարել է, որ չի հավատում ռազմական ներխուժման հաջողությանը առանց մտածված քաղաքական ռազմավարության, թեև գտնում է, որ անհրաժեշտ է արձագանքել քիմիական զենքի օգտագործմանը Սիրիայում: «Որպեսզի Սիրիան կարողանա դուրս գալ այս քաոսից, անհրաժեշտ է մտածված ռազմավարություն, սակայն գլխավոր խնդիրն այն է, որ այդ հարցը հիմնովին չի քննարկվել: Կարևոր է հանդիպել Ժնևում ու գործի դնել դիվանագիտական ու քաղաքական միջոցները»,-ասել է Գյուլը:

Անցած շաբաթ սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ավելի ուշ նաև նախագահ Բարաք Օբաման հայտարարեցին, որ մտադիր են սահմանափակ հարվածներ հասցնել Սիրիային: Օբաման հայտարարեց, որ մտադիր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: ԱՄՆ Կոնգրեսը այժմ արձակուրդում է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտնել է, որ գործընկերների հետ քննարկելու է Օբամայի առաջարկը, երբ օրենսդիրները վերսկսեն աշխատանքը սեպտեմբերի 9-ին:

Ըստ Սահմանադրության, մեկ այլ պետության պատերազմ հայտարարելու իրավունքով օժտված է Կոնգրեսը, սակայն նախագահը կարող է օգտագործել զորքերն արտերկրում 60 օրվա ընթացքում՝ 1973թ. Ռազմական լիազորությունների մասին օրենքի հիման վրա: Բիլլ Քլինթոնն, օրինակ, օգտվեց այդ օրենքից 1999թ., երբ հրամայեց ռմբակոծել Հարավսլավիան:

Սակայն Օբաման իրեն իրավունք է վերապահում ռազմական գործողություն սկսել նույնիսկ փաստաթղթի վերաբերյալ բացասական քվեարկության պարագայում, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ընդ որում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ժամանակը գլխավորը չէ: «ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահը զեկուցել է ինձ, որ մենք պատրաստ ենք հարված հասցնել ցանկացած պահի ըստ մեր հայեցողության,-ասել է նա:-Ավելին, նա մատնանշել է, որ այդ առաքելությունը կատարելու մեր կարողության համար ժամկետները առանձնակի նշանակություն չունեն: Դրանք նույնքան արդյունավետ կլինեն և վաղը, և հաջորդ շաբաթ, և մեկ ամիս անց»:

Սիրիայում ռազմական գրոծողության դեմ ի սկզբանե հանդես էին գալիս Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը: Ավելի ուշ այդ գաղափարից հրաժարվեցին Գերմանիան ու Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ին դեռևս սատարում է միայն Ֆրանսիան: Ռազմական միջամտությանը դեմ է նաև ԱՄՆ բնակչության մեծ մասը: EPSOS-ի այս շաբաթվա հարցումները վկայում են, որ հարցվածների միայն 20 տոկոսն է հավանություն տալիս նման գործողությանը:

Վերջին 30 տարում ԱՄՆ-ն 7 անգամ միակողմանի ռազմական գործողություններ է ձեռնարկել առանց ՄԱԿ ԱԽ հավանության՝ 1983թ. Գրենադայում, 1989թ. Պանամայում, 1998թ. Աֆղանստանում և Սուդանում, 20001թ. ՆԱՏՕ-ի հետ միասին Հարավսլավիայում, 2003-ին՝ Իրաքում, 2002-ից՝ Պակիստանում, Եմենում ու Սոմալիում: ԱԽ թույլտվությամբ ռազմական ուժ է օգտագործվել նաև Իրաքում 1990թ., Սոմալիում՝ 1993թ., Լիբիայում՝ 2011թ.:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---