Եգիպտոսի պաշտոնանկ նախագահի դատավարությունը կսկսվի նոյեմբերի 4-ին

Եգիպտոսի պաշտոնանկ նախագահի դատավարությունը կսկսվի նոյեմբերի 4-ին

PanARMENIAN.Net - Անցած տարվա դեկտեմբերին Կահիրեում ցուցարարների սպանության գործով առաջին դատական լսումը տեղի կունենա նոյեմբերի 4-ին: Այդ գործով անցնում է նաև Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մոհամմեդ Մուրսին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները դատական ատյանների վրա հղումով:

Ավելի վաղ դատախազ Հեշամ Բարաքաթը Մուրսիի և «Մահմեդական եղբայրների» 14 անդամների գործն ուղարկել էր Կահիրեի քրեական դատարան: Բոլոր նրանց մեղադրում են բռնությունների ու սպանությունների կոչերի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այս քրեական գործը վերաբերում է Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների բախումներին 2012թ. դեկտեմբերին Կահիրեում նախագահի նստավայրի մոտ: Մինչ այդ նախկին նախագահին մեղադրանք է ներկայացվել կապված 2011 թվականի իրադարձությունների հետ՝ փախուստ բանտից, բանտի վրա հարձակման կազմակերպում, կալանավորների, զինվորների ու ոստիկանների սպանություններ:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---