Ֆրանսիայի Գապ քաղաքում բացվել է հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ալպյան նահանգի Գլխավոր խորհրդի նախագահ Օգյուստ Տրյուֆեմը Գապ քաղաքի կենտրոնական հրապարակում բացեցին հայկական տուֆակերտ խաչքար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր խոսքում դեսպան Նալբանդյանն ընդգծեց մարդկության դեմ գործած ոճիրը մշտապես հիշելու եւ դատապարտելու անհրաժեշտությունը: «Հիշողությունից զուրկ մարդը չունի ապագա: Հիշողությունից զուրկ ժողովուրդը չունի պատմություն: Իսկ մարդկությունն առանց հիշողության` կկորցնի իր մարդկային դեմքը»,-ասել է նա: Միջոցառմանը հաջորդեց քաղաքապետարանում հանդիսավոր ընդունելություն, որի ժամանակ Հայաստանի դեսպանին հանձնվեց Գապ քաղաքի պատվավոր քաղաքացու հուշամեդալ: Արարողությանը ներկա էին պատգամավորներ, սենատորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, պետական ու քաղաքական գործիչներ, հարակից շրջաններից ժամանած հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ Ֆրանսիայի տարածքով մեկ սփռված են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոտ 5 տասնյակ հուշարձաններ, որոնք Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի ընդունման հետ միասին ընկալվում են Ֆրանսիայի ժողովրդի կողմից որպես ոչ միայն ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում, այլեւ հայ ժողովրդի հանդեպ համերաշխության դրսեւորում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---