Սալեհի. Թեհրանն ու ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեցրել են գործակցության «ճանապարհային քարտեզը»

Սալեհի. Թեհրանն ու ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեցրել են գործակցության «ճանապարհային քարտեզը»

PanARMENIAN.Net - Միջուկային ծրագրի գծով Իրանի գլխավոր ներկայացուցիչ Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանն ու ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեցրել են համագործակցության «ճանապարհային քարտեզը»: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այժմ Թեհրանում այցով է գտնվում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն: Այն փաստը, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը գլխավորում է պատվիրակությունը, ընկալվում է դիտորդների կողմից որպես լավ ազդանշան: Բանակցությունների նախորդ փուլում հոկտեմբերի 28-ին Վիեննայում Իրանը նոր առաջարկներ է ներկայացրել: Դրանց բովանդակությունը չի բացահայտվում, սակայն կողմերը հավաստիացնում են, որ «հանդիպումը շատ կառուցողական է» եղել: Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը Վիեննայում հայտնեց այն ժամանակ լրագրողներին, որ բանակցություններում առաջընթացի մասին հնարավոր կլինի դատել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության կազմով, որը Թեհրան կմեկնի նոյեմբերի 11-ին:

Նախօրեին Ժնևում ավարտվեցին Իրանի և «վեցնյակի» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան) բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ առանց համաձայնություն կնքելու: Սակայն, ըստ կողմերի, առաջընթաց արձանագրվեց, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ առաջին անգամ հաջողվեց հետ կանգնել «պատժամիջոցների լծակից» ու անցնել «առկա խնդիրների գործնական քննարկմանը»:

Նախօրեին ԱՄՆ CNN հեռուստաալիքի եթերում հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարեց, որ ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրները Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցություններից պնդելու են, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանվեն, որոնց նպատակն է ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրի իրագործումից:

«Կարծում եմ, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամներն երկու կուսակցություններից պնդելու են, որ պատժամիջոցների նոր փաթեթ ընդունվի,-ասել է Գրեմը:-Մենք գտնում ենք, որ միայն երկու բան կարող է համոզել իրանցիներին նստել բանակցությունների սեղանի մոտ՝ պատժամիջոցներն ու ռազմական ուժի կիրառման սպառնալիքը»: Սենատորը նշել է, որ այն մոտեցումն, որ այժմ Իրանի հարցում որդեգրել է նախագահ Օբամայի վարչակազմը, արմատապես սխալ է: Այն ենթադրում է պատժամիջոցների մեղմացում, սակայն, չի պարտավորեցնում Թեհրանին լիովին հրաժարվել միջուկային ծրագրից:

Ավելի վաղ Իրանի նախագահ Ռոուհանին հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր չէ հատել «կարմիր գիծը», հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ նրա, այդ գիծն իր համար հարստացված ուրան ունենալու Իրանի իրավունքն է: Իրանի նախագահը հայտարարել է, որ «ազգային շահերը, ներառյալ միջուկային իրավունքը միջազգային կանոնների շրջանակներում», չի ներառում միջուկային զենք ստանալու իրավունք: Ռոուհանին դրական է գնահատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում անցած բանակցությունները:

Իրանի և «վեցնյակի» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան) բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ ավարտվեցին նոյեմբերի 10-ին Ժնևում առանց համաձայնություն կնքելու: Բանակցությունների հերթական փուլը, ինչպես հայտնել է «վեցնյակի» համակարգող, ԵՄ արտաքին գործերի գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, տեղի կունենա Ժնևում նոյեմբերի 20-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---