Սիրիացի քրդերն անցումային կառավարություն են ստեղծում

Սիրիացի քրդերն անցումային կառավարություն են ստեղծում

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիս-արևելքում բնակվող քրդերը նոյեմբերի 12-ին հայտարարել են անկախ անցումային կառավարություն ստեղծելու մասին, հայտնել է AFP-ն:

Էլ Ղամիշլիում բանակցությունների արդյունքում քրդերի ստորագրած հռչակագրով նախատեսվում է քրդական տարածքների բաժանում 3 շրջանների, որից յուրաքանչյուրն իր վարչակազմը կունենա: Ապագա քրդական կառավարության անդամներին դեռ նոր պետք է ընտրեն՝ բանակցություններում որոշվել է սկսել նախապատրաստումը տեղական և ընդհանուր ընտրություններին: Սակայն, նախաձեռնությանը միացել են քրդերի ոչ բոլոր խմբերը: Հռչակագիրը ստորագրել են քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը և մի քանի այլ ավելի փոքր կազմակերպություններ, սակայն Քրդական ազգային խորհուրդը, որը երկրորդ հիմնական ռազմաքաղաքական ուժն է սիրիական Քրդստանում, դեռ հրաժարվում է մասնակցել համաձայնությանը: Անցումային կառավարության ստեղծման մասին որոշումն ընդունվել է քրդական կամավորականների հաջողությունից հետո՝ վերջին շաբաթներին քրդերին հաջողվել է իսլամիստներից զգալի տարածքներ ետ գրավել, գրում է Lenta.ru-ն:

Նոյեմբերի 12-ին ժամանակավոր կառավարության ստեղծման մասին հայտարարեց նաև Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան: Կաբինետի կազմում ընգրկվեցին 8 նախարարներ, վարչապետն ու նրա տեղակալը: Նախարարների կաբինետը պետք է կառավարի տարածքները, որոնք արդեն ապստամբների իշխանության տակ են: Սակայն, դեռ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու իշխանությունը բաշխելու հարցը Ազգային կոալիցիայի ու ծայրահեղական իսլամիստների խմբավորումների միջև, որոնք մասնակիորեն վերահսկում են այդ տարածքն ու չեն ճանաչում կոալիցիայի իշխանությունը:

Սիրիայի հյուսիս-արևելքում կոմպակտ բնակվող քրդերը կազմում են երկրի բնակչության մոտ 10 տոկոսը: Ասադի կառավարության և ընդդիմության միջև հակամարտության սկզբում քրդերը հայտարարում էին, որ չեն սատարելու կողմերից ոչ մեկին: Քրդական տարածքներում գործում են աշխարհազորայինները, որոնք պաշտպանում են բնակչությանը ինչպես ապստամբներից, այնպես էլ կառավարական զորքերից:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---