Ադրբեջանը սոցիալական ընդվզման շեմի՞ն

Ադրբեջանը սոցիալական ընդվզման շեմի՞ն

PanARMENIAN.Net - Տարեսկզբին Ադրբեջանում երկու խոշոր սոցիալական ընդվզում եղավ՝ երիտասարդների բողոքի ցույցերը զինվորների առեղծվածային մահերի կապակցությամբ և հայտնի Իսմաիլլիի իրադարձությունները: Հուզումներից մեկի պատճառը պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն էր, մյուսինը՝ աշխատանքի ու բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքպերովը: Ուստի, ընտրություններից հետո այդ մարդիկ պորտֆելներ չստացան կառավարությունում: Ինչպես գրում է minval.az-ը, փոխել են սոցիալական լարվածություն ստեղծող ևս մեկ նախարարի, պաշտոնանկ է արվել կրթության նախարար Միսիր Մարդանովը: Մի խոսքով, նորացվեց բնակչության զանգվածային դժգոհությունն առաջացրած՝ բանակի, կրթության ոլորտի ու սոցապահովության նախարարության ղեկավարությունը:

Սոցիալական դժգոհություն առաջացնող պետկառույցները բավականին շատ են, առաջին տեղում Պետական մաքսային կոմիտեն է: Բոլոր տեղական և արտասահմանյան կազմակերպությունները բնութագրում են Ադրբեջանի մաքսային ծառայությունը որպես ամենակոռումպացված պետական մարմին: Դա ընդունում է նաև Մաքսային կոմիտեի նախագահ Այդին Ալիևը: Այդ հարցը նաև արտացոլվել է WikiLeaks-ի տարածած ԱՄՆ դիվանագետների գաղտնի հեռագրերում: WikiLeaks-ը հրապարակել էր ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի հեռագրերը, որ ուղարկվել են Վաշինգտոն 2006 թվականի նոյեմբերի 11-ին: Փաստաթղթում իր արտացոլումն են գտել դիվանագետի հանդիպման մանրամասները Մաքսային կոմիտիե նախագահ Այդին Ալիևի հետ: Այնտեղ նաև մեկնաբանություններ կային նրա և իշխանության այլ կառույցների դիմակայության մասին: ԱՄՆ դիվանագետը հայտնում էր, որ Ալիևը խոստովանել է, թե իր գլխավորած կառույցը երկրում ամենակոռումպացվածի համբավն ունի: Չնայած, որ Ա. Ալիևը հաճախ էր հայտնվում սև ցուցակում, և նրա խոստովանություններին, իրավիճակը մաքսային կետերում անփոփոխ էր մնում: Ա. Ալիևը գլխավորեց այդ կառույցը 7 տարի առաջ, սակայն այդ ընթացքում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ հակառակը՝ ավելի է խորացել:

Մենաշնորհատերերի ներմուծման ապօրինի սահմանափակումներն էլ ավելի խստացան, իսկ ոչ պաշտոնական վճարները միայն աճեցին, լուրջ խոչընդոտներ ստեղծելով հասարակ քաղաքացիների համար: Դրանից տուժում են նաև օտարերկրացիները: Բազում բողոքներ է ստանում Բաքվում Թուրքիայի դեսպանատունը թուրք քաղաքացիներից ու գործարարներից, որոնք դրամաշորթության են առնչվում մաքսատանը: Արդյունքում Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել էր Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ պահանջելով լուծել այդ հարցը: Հարցը քննարկվել է վերևներում, նրա լուծումը հանձնարարվել է Ազգային անվտանգությանը: Արդյունքում, զուտ արտաքնապես մաքսային կետերի աշխատանքը կարգավորվեց: Կոռուպցիոն գործողությունները տեղափոխվեցին Բաքվի Գլխավոր մաքսային վարչություն, այսինքն, մեծ հաշվով, ոչինչ չփոխվեց:

Կամ առողջապահության համակարգը: Հարկ չկա մեկնաբանելու Ադրբեջանի առողջապահության համակարգը: Վերջին ամսում բժիշկների անպատաասխանատվության պատճառով կյանքից հեռացան լրագրողների հարազատներից ոմանք: Ծննդկանների ու նորածինների մահվան դեպքերը վիճակագրություն են դարձել: Այնուամենայնիվ, նախարարը դեռ իր պաշտոնում է:

Անշուշտ, ղեկավարության մեխանիկական փոփոխությունը իրավիճակը չի փոխի: Բանակում, կրթության ու սոցիալական պաշտպանության ոլորտներում իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է ժամանակ ու էներգիա: Նշված ոլորտներում կաշառակերության ու ինքնակամության մակարդակն այն աստիճանի է հասել, որ ղեկավարության փոփոխությունը կարող է միայն իրավիճակը շարժել մեռյալ կետից: Օրինակ, վերջերս աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նորանշանակ նախարար Սալիմ Մուսլիմովը չի կարող զգալիորեն փոխել իրավիճակը սեղմ ժամկետում: Դրա համար բավականին ժամանակ կպահանջվի: Ամեն դեպքում ղեկավարության փոփոխությունն անհրաժեշտ է լավ կազմակերպված կոռուպցիոն ցանցի ոչնչացման համար, գրում է պարբերականը:

Գլխավորն այն է, որ կան իրավիճակի կարգավորման ինչ-որ փորձեր: Ամենացավալին այն է, որ մաքսատանն ու առողջապահության համակարգում նման փորձեր չեն ձեռնարկվում: Հակառակն, այդ ոլորտներում կոռուպցիան գնալով խորանում է, կազմակերպվում է, գրեթե օրինականացվում: Եթե իրավիճակը մաքսատանն ու առողջապահության ոլորտներում ընդվզման պոտենցիալ օջախներ են, ապա, հավանաբար, սոցիալական բողոքները, որ եղան տարեսկզբին, կկրկնվեն ավելի կտրուկ ձևով, եզրակացնում է Minval.az-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---