ՀՀ նախագահը եւ ամերիկացի կոնգրեսականները քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջիմ Քոլբիին եւ Սքոթ Գարեթին, ինչպես նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ նախագահը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են բավականին գործնական եւ դինամիկ` տարեցտարի ընդլայնելով ծավալները: Կոնգրեսական Ջիմ Քոլբին իր հերթին ողջունել է Իրաքում հայ խաղաղապահների հաջող առաքելությունը: Իր երախտագիտությունը հայտնելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում մեր երկրին հատկացվող ֆինանսական օժանդակության համար, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարության եւ ազատականության ամրապնդմանը, որոնց պահպանմանն ու առաջընթացին է ուղղված ծրագիրը: Երկրի ղեկավարը ծրագիրը կրկնակի կարեւոր է համարել, քանի որ այն ընդգրկում է Հանրապետության մարզերը եւ, ինչպես նշել է Նախագահը, կարող է որակական մեծ փոփոխություններ առաջացնել` նպաստելով Երեւան քաղաքի եւ գյուղական բնակավայրերի միջեւ զարգացման անհամապատասխանության կրճատմանը: Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել է, որ հայկական կողմը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայից» ակնկալում է գործընկերության հստակ եւ պարզ հարաբերություններ:



Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամից շարունակական աջակցություն ստանալու համար առաջնային են համարվել արդարացի կառավարման, մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու եւ տնտեսական ազատությունը խրախուսելու ասպարեզներում լավ ցուցանիշների ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները: Զրուցակիցները 2007թ. եւ 2008թ. կայանալիք ընտրությունների անցկացման մակարդակը բարձրացնելու նպատակով կարեւորել են ընտրական օրենսգրքի կատարելագործումը եւ դրա շուրջ հնարավորինս լայն քննարկումների ծավալումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---