Քրիստոնեաբնակ սիրիական Մաալուլան կրկին գրոհի է ենթարկվել

Քրիստոնեաբնակ սիրիական Մաալուլան կրկին գրոհի է ենթարկվել

PanARMENIAN.Net - Ահաբեկչական խմբավորումները գրոհել են Սիրիայի արևմուտքում գտնվող Մաալուլայի մենաստանը, պատանդ են վերցրել մայրապետ Պելագեային, միանձնուհիներին ու վանքին կից գործող որբանոցի մի քանի երեխաների:

Մենաստանը պաշարված է արդեն 3 ամիս, այդ ժամանակվանից ի վեր մայրապետն ու միանձնուհիները պատանդներ են գրոհայինների մոտ: Դեպի մենաստան տանող ճանապարհը դիպուկահարների նշանառության տակ է, ուստի հումանիտար օգնություն տանելը շատ դժվար է:

Սիրիայի սոցիալական հարցերի նախարար, Բարձրագույն հումանիտար հանձնաժողովի ղեկավար Քինդա աշ Շամաթը խորը մտահոգություն է հայտնել Մաալուլայի մենաաստանի վրա ահաբեկիչների հարձակման փաստի առնչությամբ:

Նա հայտարարել է, որ ավազակախմբերն ու նրանց սատարող երկրները պատասխանատու են մայրապետի ու հինգ միանձնուհիների ճակատագրի համար, որոնց գրոհայինները պատանդ են վերցրել: Աշ Շամաթը հորդորել է համաշխարհային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել ազդեցություն ունեցող, ահաբեկիչներին հովանավորող ու ֆինանսավորող կողմերի վրա, ազատ արձակելու համար միանձնուհիներին, հայտնում է SANA-ն:

Մաալուլան մոտ 1000 բնակիչ ունեցող ավան է և աշխարհում հայտնի է նրանով, որ նրա բնակիչները խոսում են գրեթե արդեն անհետացած նոր եբրայերենով, որի ավելի հին տարբերակը լայնորեն տարածված էր Մերձավոր Արևելքում երկու հազար տարի առաջ: Համարվում է, որ այդ լեզվով էր խոսում իր ժամանակակիցների հետ նաև Հիսուս Քրիստոսը: «Ալ Նուսրայի ճակատի» ղեկավարությունը չի թաքցնում Սիրիայում իսլամական էմիրաթ ստեղծելու իր մտադրությունները, որտեղ այլ կրոններ այլևս տեղ չեն ունենա:

Մինչ քաղաքացիական պատերազմը քրիստոնյաները Սիրիայում կազմում էին բնակչության 10 տոկոսը: 2011թ. հետո երկրում մոտ 1000 քրիստոնյաներ են սպանվել, քանդվել են շուրջ 40 եկեղեցիներ և այլ քրիստոնեական հաստատություններ: Շուրջ 300 հազար քրիստոնյաներ փախել են երկրից: Երկու քրիստոնյա հիերարխների վերջին առևանգումը Սիրիայում, կաթոլիկ քահանայի գլխատումը վկայում են, որ դաժանությունը Սիրիայում և քրիստոնյաների ճգնաժամը ողջ արաբական աշխարհում միայն սաստկանում են:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 126 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---