Այսօր ԱՄՆ-ում կցուցադրվի Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմը

PanARMENIAN.Net - Այսօր Միացյալ Նահանգների Հանրային հեռուստատեսությունը (PBS) ցուցադրելու է Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» մեկժամանոց վավերագրական ֆիլմը: Որոշ նահանգներում ֆիլմից հետո ցուցադրվելու է նաեւ Ցեղասպանության շուրջ բանավեճ, որին բացի հայկական տեսակետը պաշտպանող պատմաբան Թաներ Աքչամից եւ գրող Փիթեր Բալաքյանից, մասնակցելու է նաեւ Ցեղասպանությունը ժխտող երկու պատմաբան: Ամերիկահայերը անընդունելի են համարում Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճը, քանզի համոզված են, որ Ցեղասպանությունը անհերքելի փաստ է: 650 հազար դոլար արժողությամբ կինոժապավենը ամբողջությամբ ֆինանսավորել են ամերիկահայ կազմակերպությունները: PBS-ի Լոս Անջելեսի մասնաճյուղը, ընդառաջ գնալով ամերիկահայերի հորդորներին, հրաժարվել է ցուցադրել Էնդրյու Գոլդբերգի ֆիլմը եւ դրան հաջորդող բանավեճը: Փոխարենը կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական արտադրության մեկ այլ ֆիլմ` առանց բանավեճի հեռարձակման:



Այդուհանդերձ, Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը ապրիլի 17-ին անվճար կցուցադրվի Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկում: Ֆիլմի հեղինակը, ով հատկացրել է կինոթատրոնը վարձելու համար անհրաժեշտ 12 հազար դոլարը, ասել էր. - «Մենք ամբողջ օրը եւ գիշերը կցուցադրենք ֆիլմը այնքան, որքան զգանք դրա անհրաժեշտությունը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---