Եգիպտոսում Մուրսիի պաշտոնանկությունը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել

Եգիպտոսում Մուրսիի պաշտոնանկությունը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել

PanARMENIAN.Net - Եգիպտոսում հանձնաժողով է ստեղծվել, որը կհետաքննի երկրի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկության հանգամանքները, գրում է AFP-ն: Հանձնաժողովի ստեղծման մասին հրամանագիրը դեկտեմբերի 22-ին ստորագրել է Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը: Ըստ վերջինիս հայտարարության, անկախ հանձնաժողովը կհետաքննի իրադարձություններն Եգիպտոսում «հունիսի 30-ից մինչ օրս»: Հանձնաժողովում 5 անդամ կլինի: Այն կգլխավորի դատավոր Ֆուադ Ռիյադը: Նոր մարմնի աշխատանքի առաջին արդյունքները կհրապարակվեն վեց ամսից:

Մինչ այդ, դեկտեմբերի 10-ին, 13 եգիպտական և միջազգային իրավապահ կազմակերպություն, ներառյալ Amnesty International և Human Rights Watch-ը, հորդորեցին երկրի իշխանություններին հետաքննել օգոստոսի 14-ի իրադարձությունները, երբ Մուրսիի կողմնակիցների ճամբարը ցրելու արդյունքում հարյուրավոր մարդիկ մահացան, գրում է Lenta.ru-ն:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---