Ադրբեջանցի աստվածաբանը կոչ է անում յուրայիններին կռվել ոչ թե Սիրիայում, այլ Ղարաբաղում

Ադրբեջանցի աստվածաբանը կոչ է անում յուրայիններին կռվել ոչ թե Սիրիայում, այլ Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում շոկ է առաջացրել օրերս Սիրիայում 14-ամյա Քերիմով Նաջադ Նամիկ օղլուի սպանության մասին հաղորդագրությունը: Սիրիայում կռվող ադրբեջանցիների մեծ մասը հյուսիսային շրջաններից են: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, միայն Շեքիի ու Զակատալայի շրջաններից Սիրիա կռվելու է մեկնել շուրջ 250 մարդ:

Ամեն օր տեղեկություններ են հայտնվում Սիրիայում մի քանի ադրբեջանցիների սպանվելու մասին: Ըստ ANS PRESS-ի, վերջին շրջանում միայն Խաչմազի շրջանից տասը բնակիչ է մեկնել Սիրիա կռվելու: Հայտնի է, որ նրանցից մեկը Խաչմազի շրջանի Կոհնե Խաչմազ գյուղի բնակիչ է, զոհվել է Գուսարի շրջանի Խուրմա գյուղի մի քանի բնակիչ: Ըստ առկա տվյալների, կռվողների շարքերում շատ են ընտանիք ունեցողները:

Կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ըստ մոնիտորինգի, որ անց է կացրել այդ կառույցը, մեղադրանքները ֆեթվայի վերաբերյալ և խմբավորումների այլ գործողությունները հակասում են երկրում տիրող հանդուրժողականության մթնոլորտին, քաոս են առաջացնում: Նշվում է, որ այս լարվածությունն անկախ առաջացման պատճառներից բացասաբար է անդրադառնում հանրապետության միջազգային հեղինակության վրա: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է նաև, որ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու համար հնարավոր սպառնալիքները:

Ըստ ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևի, այդ հարցի ուսումնասիրության համար որոշակի բարդություններ կան. «Իրավիճակը Սիրիայում լարված է մնում: Ադրբեջանական դեսպանությունը հեռացել է այդ երկրից՝ տեղափոխվելով Բեյրութ: Դա խոչընդոտում է մեր աշխատանքին: Սակայն հնարավորի շրջանակներում մենք անում ենք ամեն ինչ: Պետք է ճշտել, թե արդյոք նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են»:

«Արևելք-Արևմուտք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն պնդում է, որ հետագայում նրանց վերադարձն Ադրբեջան կարող է սպառնալիքներ առաջացնել: Ըստ նրա, Ադրբեջանից Սիրիա են մեկնում կոնկրետ ուղղություններով, դա հստակ գործող ցանց է, որը հիշեցնում է մարդկանց առևտուր կազմակերպող ցանց:

«Այս ամենի ետևում որոշակի երկրների հատուկ ծառայություններն են կանգնած: Այս միտումը կասեցնելու համար, հարկավոր է առաջին հերթին ի հայտ բերել պարագլուխներին: Նրանք մեծ վտանգ են ներկայացնում: Ադրբեջանի քաղաքացիները Սիրիայում արդեն կապեր են հաստատում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ: Վերադառնալով հայրենիք, նրանք մեծ վտանգ կներկայացնեն անվտանգության առումով: Այս մասին արդեն այսօր է պետք մտածել»,-ասել է նա՝ հավելելով, որ Սիրիայում կռվող ադրբեջանցիների դեմ պետք է քրեական գործեր հարուցել:

Աստվածաբան Հաջի Շահին Հասանլին ասել է, որ մարտերի մասնակիցները ֆինանսավորվում են մի շարք ծայրահեղական խմբավորումների կողմից: «Սիրիայում հակասություններ կան իշխանությունների ու ժողովրդի միջև, դա այդ երկրի ներքին գործն է: Որոշ պետություններ հրահրում են հակամարտության թեժացումը Սիրիայում: Զինվում ու զինված պայքարի են գնում ծայրահեղական խմբավորումները, իսկ ներկայացվում է դա որպես սրբազան պատերազմ: Սիրիայում կատարվողը ոչ մի կապ չունի ջիհադի հետ: Իբր հանուն սուրբ գաղափարների պայքարող խմբավորումները կանանց ու երեխաների անողոք մարդասպաններ են»:

Հաջի Շահինը հիշեցրել է ջիհադին մասնակցելու ցանկություն ունեցողներին հիշել, որ Ադրբեջանը գտնվում է պատերազմական վիճակում և խորհուրդ է տալիս նրանց մեկնել Ղարաբաղ: «Մեր հողերի ազատագրումը մեր երիտասարդների սրբազան պարտքն է: Որքանո՞վ ճիշտ է մասնակցել օտարների պատերազմին, երբ սեփական հողերդ թշնամու ձեռքում են: Դա խեղկատակություն է»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---