Պաշտոնական Դամասկոսն ու ընդդիմությունը համաձայնության չեն եկել ահաբեկչության դեմ պայքարի հարցում

Պաշտոնական Դամասկոսն ու ընդդիմությունը համաձայնության չեն եկել ահաբեկչության դեմ պայքարի հարցում

PanARMENIAN.Net - Սիրիայի պաշտոնական պատվիրակությունը «Ժնև-2» խորհրդաժողովում ահաբեկչության դեմ պայքարի մասին հայտարարության նախագիծ է ներկայացրել: Սակայն այսպես կոչված «ընդդիմադիր կոալիցիայի» պատվիրակությունը մերժել է այն:

Ներկայացված հայտարարության մեջ Սիրիան հիշեցնում է, որ ՄԱԿ ԱԽ 2001 թվականի համար 1373 բանաձևը և 1999 թվականի 1267 բանաձևը մատնանշում են ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը և դիմակայումը բոլոր հնարավոր միջոցներով, քանի որ դա սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգության համար: Բանաձևերը ենթադրում են, որ անթույլատրելի է ուղիղ կամ անուղղակի աջակցությունը կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց, որոնք մասնակցում են ահաբեկչական գործողություններին, նրանց ֆինանսավորում են ու ապաստան տրամադրում:

Հայտարարության մեջ կարևորվում է ահաբեկչության խմբավորումներին դիմակայելն ու նրանց վերացնելը: Դրա համար անհրաժեշտ է կողմերի համագործակցությունը հանուն խաղաղության ու անվտանգության: Հարկավոր է նաև դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումը, զինումը, ուսուցումն ու աջակցությունը Սիրիայի տարածք ներթափանցելու գործում: Սիրիայի պատվիրակությունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին նպաստել դրան: Այդ թվում, կարևոր է ահաբեկչության հրահրման դադարեցումը, կրոնական ծայրահեղականության դրսևորումները, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Հայտարարության նախագծում ասվում է. «Կողմերն ընդգծում են իրենց հավատարմությունը Սիրիայի Արաբական Հանրապետությանը, նրա անկախությանն ու տարածքային ամբողջականությանը: Մերժվում են միջամտության բոլոր ձևերը: Ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը ընդհանուր նպատակ է ու յուրաքանչյուր սիրիացու պարտականությունը»:

Սիրիան առաջարկել է բոլոր կողմերին պարտավորություններ ստանձնել ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ամբողջ տարածքում ու մեխանիզմներ մշակել դրա համար: Բոլոր պետությունները պետք է կատարեն իրենց միջազգային պարտավորությունները, դադարեցնեն ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը, արգելեն իրենց տարածքներում գտնվող քաղաքացիներին անդամագրել ու ֆինանսավորել ահաբեկիչներին: Կարևոր է նաև դադարեցնել ահաբեկչության հրահրումն ու նրա գործողությունների արդարացումը ԶԼՄ-ների միջոցով: Սիրիայի բոլոր հարևան երկրները պետք է արդյունավետ կերպով վերահսկեն իրենց սահմանները, դադարեցնելու համար ահաբեկիչների ու զենքի հոսքը Սիրիա:

Սիրիայի պատվիրակությունը հայտարարել է, որ այս փաստաթղթի մերժումը «ընդդիմադիր կոալիցիայի» կողմից ապացուցում է, որ վերջինս սատարում է ահաբեկիչներին: «Կոալիցիայի» դիրքորոշումը դեմ է սիրիական ժողովրդի շահերին և սպառնում է նրա անվտանգությանը:

Նախօրեին Սիրիայում ՄԱԿ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին հաստատեց, որ համաձայնություն կա Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև առ այն, որ գոյություն ունի ահաբեկչությունը, ինչը մեծ խնդիր է: Սակայն այդ հանգամանքին վերաբերմունքի առումով պայմանավորվածություն չի ձեռք բերվել: Նա նշել է նաև, որ այս բանակցությունները լոկ սկիզբն էին՝ կողմերը հայտնեցին իրենց կարծիքները, իրենց ցանկություններն ու մտավախությունները: Շփումները նրանց միջև պետք է շարունակվեն:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը կանցնի երկու փուլով: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---