Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում բոլորից շատ կտուժի Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Իրանի կառավարության հակաադրբեջանական հայտարարությունները Իլհամ Ալիեւի ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին թույլ են տալիս ասել, որ դա ճնշում գործադրելու փորձ է: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, մեկնաբանելով Իրանի Անվտանգության գերագույն ազգային խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի արտահայտությունները, որը չի բացառել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածներ հասցնելու հնարավորությունն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, ինչպես նաեւ Ադրբեջանում ԱՄՆ հակաիրանյան հետախուզական խմբի աշխատանքի մեկնարկի կապակցությամբ: Գուլուզադեն գտնում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում բոլորից շատ կտուժի Ադրբեջանը, եւ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ին միայն մեկ հարց է մտահոգում. «Ինչպե՞ս հարված հասցնել Իրանին, որը կբացառի պատասխան հարվածի հնարավորությունը»: Ըստ Վ.Գուլուզադեի, այդ հարցի պատասխանը կարելի է հստակեցնել միայն Ջ.Բուշի եւ Ի Ալիեւի հանդիպումից հետո:



Իր հերթին քաղաքագետ Իլգար Մամեդովը հայտարարել է Իրանի շուրջ ճգնաժամի խորացման եւ քարոզչական պատերազմի ընդլայնման մասին: «Վերջերս կողմերը առավել կտրուկ հայտարարություններ են անում: Իրանի պաշտպանության նախարարի Բաքվից վերադառնալուն պես սպառնալիքներ են լսվում Ադրբեջանի հասցեին, եւ դա այն պահին, երբ նախագահ Ի.Ալիեւը մեկնում է ԱՄՆ: Իրանը վտանգավոր հարեւան է, քանի որ հանդես է գալիս նման հայտարարություններով նախագահի այցի նախօրեին»,-նշել է նա:



Ըստ Ի.Մամեդովի, Իրանի սպառնալիքների ետեւում կոնկրետ ծրագրեր են, սակայն, նա անիրական է համարում նավթամուղի ավերման պլանները: «Ռազմական գորոծղությունները հակամարտության կողմերի հետ մեկտեղ դժվար կացության մեջ կդնի նաեւ Ադրբեջանին: Եթե ԱՄՆ-ն հակաիրանյան կոալիացիային անդամակցելու դեպքում Ադրբեջանին երաշխիքներ կտա Լեռնային Ղարաբաղի հարցում մեր երկրի դիրքորոշումը պաշտպանելու վերաբերյալ, Ադրբեջանը ստիպված կլինի դիմել նման քայլի: Հակառակ դեպքում ներկայիս կառավարությունը կվերածվի հանդիմանության օբյեկտի երկրի հանրության կողմից: ԱՄՆ առաջարկը ընդունելու դեպքում մեր երկիրը կդառնա վտանգավոր հարեւան` Իրանի թշնամին: Եթե Ադրբեջանը պաշտպանի Իրանի շահերը, բնական է, կդառնա ռազմական գործողությունների թատերաբեմ: Չեզոք դիրք գրավելու դեպքում հակամարտության կողմերը ինտենսիվ ճնշում կգործադրեն` մեր դիրքորոշումը պարզելու համար»,-ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---