Ուկրաինան այս շաբաթ 2 մլրդ դոլար երկրորդ փոխանցումը կստանա Ռուսաստանից

Ուկրաինան այս շաբաթ 2 մլրդ դոլար երկրորդ փոխանցումը կստանա Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է վարկի նոր 2 մլրդ դոլարի մասնաբաժինը հատկացնել Ուկրաինային արդեն այս շաբաթ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Գործարքի մանրամասները նախարարը չի հայտնել, սակայն, ըստ աղբյուրի ուկրաինական կառավարությունում գումարը պետք է փոխանցվի արդեն չորեքշաբթի, հայտնում է ВВС-ին: Դեկտեմբերին Մոսկվան խոստացել էր Կիևին 15 մլրդ դոլար հատկացնել աջակցելու համար երկրի թուլացած տնտեսությանը, սակայն մինչ օրս Ուկրաինան միայն 3 մլրդ է ստացել:

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականից հետո Ռուսաստանն ակնարկեց, որ կսառեցնի վարկի տրամադրումը, քանի դեռ Ուկրաինայում չի ձևավորվել նոր կառավարություն:

Վարկի նոր մասնաբաժնի փոխանցումը կարող է զգալիորեն ամրապնդել նախագահ Վիկտոր Յանուկովիչի դիրքերը, որը բախվել է կոշտ ընդդիմադիր շարժման:

Իր հերթին ընդդիմությունը մտադիր է քվեարկության հասնել խորհրդարանում 2004 թվականի սահմանադրությանը հասնելու վերաբերյալ, ինչը կսահմանափակի Յանուկովիչի իշխանությունը և կարող է վաղաժամ նախագահական ընտրությունների պատճառ դառնալ:

Այդ նպատակով ակտիվիստները նոր զանգվածային ակցիա են պատրաստում Կիևում Գերագույն ռադայի շենքի առջև: Սակայն նախագահին սատարող խորհրդարանականները մեծամասնություն են կազմում և հավանաբար կկասեցնեն նախագահի իշխանությունը սահմանափակելու փորձերը:

Բողոքի զանգվածային ցույցերն Ուկրաինայում սկսվեցին 2013 թ. նոյեմբերին: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը: Այդ հարցերի կարգավորումից հետո նախագահը խոստացավ կրկին վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին:

Իրավիճակը սրվեց 2014 թվականի հունվարի 16-ին, երբ Յանուկովիչի դաշնակիցները Գերագույն ռադայում ընդունեցին օրենքների նոր փաթեթը, որը դժվարացնում էր բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունները: Ընդդիմությունն այդ դրույթները համարեց բռնատիրության մասին օրենքներ և գտնում է, որ դրանք ընդունվել են կանոնակարգի խախտումներով և հակասում են սահմանադրությանը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը, որից ընդդիմությունն այս շաբաթ հրաժարական պահանջեց, հայտարարեց, որ հրաժարվում է խոսել վերջնագրերի լեզվով: Կիևում տեղի ունեցած բախումներում տուժել են հարյուրավոր ցուցարարներ ու տասնյակ միլիցիոներներ: Ասվում է նաև, որ զոհվել է 5մարդ: Հունվարի 28-ին հրաժարական տվեց վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Հունվարի 31-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրեց զանգվածային անկարգությունների մասնակիցների համաներման մասին օրենքը: Ըստ օրենքի, 10 օրվա ընթացքում ընդդիմադիրները պետք է ազատեն բոլոր կառավարական շենքերն ու շինությունները, ինչպես նաև փողոցները՝ բացառությամբ Մայդանի: Միայն դրանից հետո դատախազությունն ու դատարանները կդադարեցնեն ակտիվիստների հետապնդումները: Ընդդիմության առաջնորդները հայտարարեցին, որ նման պայմաններ չեն կատարի:

ԵՄ-ն ու Ռուսաստանը միմյանց են մեղադրում Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Ուկրաինան խրվել է պարտքերի մեջ, իսկ նրա տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է վերջին ամիսներին ուժեղացած կապիտալի փախուստի պատճառով:

Երկրի արժույթային ռեզերվները գրեթե սպառված են, քանի որ անհրաժեշտ է անընդհատ աջակցել ազգային արժույթին, որին արժեզրկում է սպառնում:

Երկուշաբթի Ուկրաինայում ուժի մեջ մտավ հակակառավարական ելույթների ժամանակ ձերբակալված բոլոր անձանց համաներումը: Ցուցարարները պետք է ազատեն բոլոր գրաված վարչական շենքերը, մինչդեռ Կիևի կենտրոնում պահպանվում է ընդդիմության վրանային ճամբարը, և որոշ ակտիվիստներ նախկինի պես դեմ են իշխանություններին զիջելուն: Ցուցարարները նաև մասնակիորեն քանդել են Գրուշևսկու փողոցում գտնվող բարիկադները, որտեղ անցյալ տարվա վերջում ամենադաժան բախումներն էին տեղի ունենում անվտանգության ուժերի հետ: Ուրբաթ օրն իշխանություններն ազատ են արձակել ձերբակալված 243 անձանցից վերջիններին: Այժմ ընդդիմությունը պայքարում է բոլոր քրեական գործերի կարճման համար, և իշխանությունները խոստանում են անել դա մեկ ամսվա ընթացքում:

Օրենսդիրներն երկխոսության գնացին ընդդիմության հետ և համաներում հայտարարեցին դեռ հունվարին, երբ անկարգությունների ընթացքում չորս մարդ զոհվեց և իրավիճակը սպառնում էր դուրս գալ վերահսկողությունից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---