ՄՄ-ն ու ԵՄ-ն չեն կարող խոչընդոտել հայ-վարցական կապերի զարգացմանը

ՄՄ-ն ու ԵՄ-ն չեն կարող խոչընդոտել հայ-վարցական կապերի զարգացմանը

PanARMENIAN.Net - Թեպետ Հայաստանն ու Վրաստանը զարգացման տարբեր ուղիներ են ընտրել ապագայի համար, երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցերում նույն մոտեցումներն ունեն` հայտարարեցին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Գիորգի Մարգվելաշվիլին փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին»,- իր ելույթի ընթացքում ասաց Սարգսյանը:

«Մեր վրաց գործընկերներին ներկայացրեցի այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, անշուշտ նաև այն փաստարկների և մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ միանալու Մաքսային միությանը»,- հավելեց Հայաստանի նախագահը` կարևորելով, որ չնայած Վրաստանը որոշել է ընտրել եվրաինտեգրման ուղին, դա չի խոչընդոտի երկկողմ հարաբերություններին ու հայ և վրացի գործարարների համագործակցությանը:

Սարգսյանը նաև ընդգծեց, որ Մարգվելաշվիլիի հետ համակարծիք են, որ հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահը մինչև հանդիպումներին անցնելը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծառ տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Այնուհետ տեղի ունեցած նախագահների առանձնազրույցին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ, որոնց շրջանակներում քննարկվել են տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից կարևոր, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր:

Հայաստանի նախագահի դիտարկմամբ` 2013-ին վարչապետի մակարդակով 1 և 15 նախարարական այցելությունները խոսում են հարևան երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին, որն էլ լավագույն խթանն է տնտեսական համագործակցության աշխուժացման համար:

Ըստ Սարգսյանի` Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը:

Լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահի կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են:

«Դա բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումների հիմքն է»,- ասաց Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը հավաստիացրեց, որ հայ-վրացական հարաբերությունները խորացնելու համար անելու են հնարավորը:

«Մենք կապված ենք ոչ միայն դարավոր բարեկամական կապերով, այլ նաև տնտեսապես ամուր կապերով: Մենք սպասում ենք ՀՀ նախագահի այցին Վրաստան և արդեն հրավիրել ենք պարոն Սարգսյանին մեր երկիր»,- հավելեց Մարգվելաշվիլին:

Իշխող «Վրացական երազանքից» նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Եվրամիության հետ նախաստորագրել էր Ասոցացման համաձայնագիրը, սակայն, նև կարևորել Ռուսաստանի հետ «ռացիոնալ երկխոսությունը»: «Վրաստանը կշարունակի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման ճիշտ ու հետևողական քաղաքականությունը և առավելապես կառուցողական կլինի այդ հարցում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր նա:

Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվել էին, երբ այն ճանաչել էր Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսի վերջին՝ Ցխինվալի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզել էր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ ու երկու հանրապետությունները հայտարարել գրավյալ տարածքներ:

«Վրացական երազանքի» կոալիցիայի իշխանության գալուն պես Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ էին սկսել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Վրացական կողմը ներկայացրել է Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ճաշի ընթացքում զրուցակիցները նշել են, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակն առաջիկայում էլ ավելի բարձրացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար` հաղորդում են կառավարությունից:

Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի փետրվարի 28-ին:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---