ՌԴ ՌԾՈւ. ԱՄՆ «Ջորջ Բուշ» ավիակիրն իրավունք չունի անցնելու սևծովյան նեղուցներով

ՌԴ ՌԾՈւ. ԱՄՆ «Ջորջ Բուշ» ավիակիրն իրավունք չունի անցնելու սևծովյան նեղուցներով

PanARMENIAN.Net - Հունական Պիրեոս նավահանգիստ մտած ԱՄՆ «Ջորջ Բուշ» ավիակիրը չի կարողանա անցնել սևծովյան նեղուցներով, հայտնել են ՌԴ ՌԾՈւ Գլխավոր շտաբում: «Այդ դասի նավերը, որոնք պատկանում են ոչ սևծովյան պետություններին, ըստ Մոնտրյոյի կոնվենցիայի, իրավունք չունեն անցնելու սևծովյան նեղուցներով»,-հայտարարել է ՌԾՈւ ներկայացուցիչը: Նրա հայտարարությունը հերքել է որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունը, որ ավիակիրը կարող է անցնել Սև ծով:

Առայժմ կա Մոնտրյոյի կոնվենցիայի մեկ խախտող՝ ԱՄՆ ՌԾՈՒ «Թեյլոր» նավը, որը վնասվածքի պատճառով մնացել է թուրքական Սամսուն նավահանգստում: Այդ նավը դեռևս փետրվարի 26-ին պետք է դուրս գար Սև ծովից, սակայն դա տեղի չունեցավ:

Պենտագոնը Սոչիի Օլիմպիական խաղերի շեմին երկու ռազմանավ ուղարկեց Սև ծով՝ «Թեյլորը» և «Մաունթ Ուիթնին»: Վերջինս լքել է Սև ծովի տարածքը փետրվարի 25-ին:

Այս պատմության մեջ միջազգային իրավունքի խախտման հետ մեկտեղ՝ Մոնտրյոյի կոնվենցիայի խախտում ու ինքնիշխան պետություն Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու փորձ, հստակ նկատելի է ևս մեկ նպատակ՝ իսկական պատերազմ սանձազերծել Ղրիմում: Այստեղ շատ բան կախված է Թուրքիայի դիրքորոշումից. թույլ կտա, որ ավիակիրն անցնի Բոսֆորի նեղուցով, թե՝ ոչ: Ըստ Ուկրաինայի Սպաների միության նախագահ Եվգենի Լուպակովի, ԱՄՆ «Ջորջ Բուշ» ավիակիր նավից թռչող ինքնաթիռներն արդեն 20 րոպեից կհասնեն Ղրիմի տարածք: Ըստ նրա, Թուրքիան առանց որևէ խնդիրների Բոսֆորն անցնելու թույլտվություն կտա: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ՝ ավիակիրը փոքր նավակ չէ, նեղուցները նեղ են ու դրանք անցնելը բավականին դժվար է:

Հարկ է նշել, որ այդ ողջ պատմությունն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի ու Ղրիմի ահաբեկմանը, քան իրական հարձակման: Պենտագոնը մտադիր չէ կասկածելի դիմակայության մեջ մտնել Ղրիմի պատճառով՝ մի տարածքի, որ ոչ մի պարամետրով չի մտնում ԱՄՆ գերակա շահերի շրջանակի մեջ, դե գուցե միայն «ժողովրդավարության հաստատման» տեսակետից: Սակայն հիշելով այդ շարքի անհաջողությունների մասին, սկսած Աֆղանստանից ու վերջացրած Մերձավոր Արևելքով, հազիվ թե պատերազմ սադրելու տրամադրվածություն լինի: Ճիշտ է, Ուկրաինայում շատ կցանկանային, որ Արևմուտքը մասնակցեր ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն հազիվ թե դա տեղի ունենա: Պուտինի հետ ոչ ոք մտադիր չէ առճակատվել՝ նույնիսկ Ուկրաինայի համար:

USS George H.W. Bush ուղեկցում են 17 այլ նավեր ու երեք սուզանավ, որոնք մարտի 3-ին անցել են Էգեյան ծովով: Ավիակիրն ունի 90 ինքնաթիռ, ներառյալ տարբեր տիպի ուղղաթիռներ, ինչպես նաև F-22 Raptors մի քանի կործանիչներ:

Ինչ վերաբերում է սուզանավերին, ապա յուրաքանչյուրն ունի 24 հրիթառային հոր, իսկ յուրաքանչյուր կորպուս ունի 8 առանձին միջուկային մարտագլխիկ: Նավի վրա 8 էսկադրիլիա կա: Նրանցից 4-ը զինված են F/A-18 Hornet и F/A-18E/F Super Hornet տիպի 10-14 կործանիչներով: Բացի George H.W. Bush, ավիակիրների խմբում են նաև USS Truxtun, USS Roosevelt և USS Philippine Sea նավերը: Բոլոր երեք նավերը միասին ունեն մոտ 300 հեռահար գործողության թևավոր հրթիռներ:

Մինչդեռ Պենտագոնը հերքում է Միջերկրական ծովում ԱՄՆ ՌԾՈւ նավերի տեղաշարժի մասին հաղորդագրությունները ու հայտարարում, որ ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ միջամտել Ուկրաինայի հակամարտությանը:

1936 թ. Մոնտրյոյի կոնվենցիան բոլոր երկրների առևտրային նավերին նեղուցն անցնելու ազատություն է տալիս ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմի: Սակայն ռազմանավերի համար պայմանները տարբեր են սևծովյան ու ոչ սևծովյան պետությունների համար: Նախապես իրազեկելով Թուրքիայի իշխանություններին, սևծովյան երկրները կարող են ցանկացած տիպի ռազմանավ անցկացնել նեղուցով խաղաղ ժամանակ: Ոչ սևծովյան պետությունների համար սահմանափակումներ կան ըստ նավերի դասակարգման և տարողունակության: Ոչ սևծովյան երկրների ռազմանավերի ընդհանուր տարողությունը չպետք է գերազանցի 30 հազար տոննան, առավելագույն դեպքում՝ 45 հազար տոննան, ժամկետը չպետք է գերազանցի 21 օրը:

Պատերազմի ժամանակ, որին Թուրքիան չի մասնակցում, նեղուցները պետք է փակ լինեն ցանկացած պատերազմող տերության ռազմանավերի համար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---