Դավութօղլուն ու Էրդողանը «անբարոյական ու ստոր» են անվանում Սիրիայի հետ պատերազմ սկսելու գաղտնի ձգտման հրապարակումը

Դավութօղլուն ու Էրդողանը «անբարոյական ու ստոր» են անվանում Սիրիայի հետ պատերազմ սկսելու գաղտնի ձգտման հրապարակումը

PanARMENIAN.Net - Պետական նիստերի գաղտնալսումը բացահայտ լրտեսություն է ու Թուրքիայի դեմ պատերազմի հայտարարում, հայտարարել է ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին Քյութահյայում նախօրեին:

Թուրքիայի հեռահաղորդակցությունների դեպարտամենտը հինգշաբթի արգելափակեց YouTube-ը՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ այդ ցանցում զետեղվեց Թուրքիայի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների տեսագրությունը, որտեղ քննարկվել է գործողությունների սցենարը Սիրիայում գտնվող Շահ Սուլեյմանի դամբարանի վրա ահաբեկիչների հարձակման դեպքում: Նշեքն, որ դամբարանի տարածքը պատկանում է Թուրքիային:

«Պետական գաղտնի նիստերի գաղտնալսումը պատերազմ հայտարարել է Թուրքիայի դեմ: Դրա նպատակն է ցույց տալ Թուրքիայի թուլությունը: Դա բացահայտ լրտեսություն է, հարձակում: Սակայն, նրանք, ովքեր կազմակերպել են դա, ամենակոշտ պատասխանը կստանան», -ասել է Դավութօղլուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իր հերթին Թուրքիայի վարչապետ Էրդողանն «անբարոյական ու ստոր» է անվանում Սիրիայի հետ պատերազմ սկսելու գաղտնի ձգտման ձայնագրության հրապարակումը YouTube-ում, հայտնում է տեղական Radikal թերթը:

«Այսօր YouTube-ում ձայնագրություն է զետեղվել: ԱԳՆ-ում նիստ է ընթանում, կապված ազգային անվտանգության հետ, Սիրիայում Սուլեյման շահի դամբարանի շուրջ իրավիճակի հետ կապված: Նույնիսկ դա է հայտնվում YouTube-ում: Դա անբարոյական է, ստոր ու անազնիվ: Մենք կհասնենք նրանց որջին»,-հայտարարել է Էրդողանը Դիարբեքիրում ընտրողների հետ հանդիպմանը:

Ինչպես ասվել է ավելի վաղ, ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ:

Սիրիական ծրագրի քննարկմանը մասնակցել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ԱԳՆ խորհրդական Ֆիրուդին Սինիրլիօղլուն, Հետախուզական վարչության ղեկավար Հաքան Ֆիդանը, ԶՈւ Գլխավոր շտաբի երկրորդ պետ Յաշար Գյուլերը: Ձայանագրությունում Դավութօղլուն հայտնում է վարչապետ Էրդողանին, որ Սուլեյման շահի դամբարանը հնարավորություն է տալիս Սիրիա ռազմական ներխուժման համար:

Ձայնը, որն ինչպես պնդում են, պատկանում է Ֆիդանին, հայտարարում է. «Եթե անհրաժեշտ է, ես Սիրիա կուղարկեմ չորս մարդու և Թուրքիայի վրա 8 հրթիռ կարձակեմ՝ դրանով իսկ պատճառ ստեղծելով պատերազմ սկսելու համար: Մենք հարձակում կկազմակերպենք դամբարանի վրա»:

Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքը Սիրիայում: Ըստ նրա, թուրք զինվորականները մտադիր են հակահարված տալ ցանակացած ոտնձգության Սուլեյման շահի դամբարանի վրա: Նրա խոսքով, թուրքական զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման:

Դամբարանն ու շրջակա տարածքւ Թուրքիային են պատկանում, այն պաշտպանում են թուրք զինվորականները: Այժմ գյուղերը, որտեղ գտնվում է դամբարանը, հայտնվել են «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն խմբավորման» հսկողության տակ: Այդ կազմակերպությունը կապված է Ալ Քայիդայի հետ:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Արդեն մի քանի օր է սիրիական հայաբնակ Քեսաբում ողբերգական իրադարձություններ են կատարվում: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

Ինչպես հայտնել է The Armenian Weekly-ին, գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: «Բազում հայ ընտանիքներ ապրում են Լաթակիայում հարազատների ու բարեկամների մոտ, ոմանք ապաստան են գտել հայկական եկեղեցում: Հալեպի թեմը և Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունն օգություն են ցուցաբերում փախստականներին»,- ասել է Լաթակիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ներսես Սարգսյանը:

Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Ըստ Սարգսյանի, ապստամբները Սիրիա են ներթափանցել Թուրքիայից և աջակցություն են ստանում թուրք զինվորականներից: Վիրավոր գրոհայինները տեղափոխվում են Թուրքիա բուժման նպատակով:

Մարտի 26-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ցինիկաբար հերքում է Քեսաբի ու շրջակա գյուղերի վրա հարձակման ժամանակ իր տարածքն օգտագործելու և իր կողմից զինյալներին օժանդակելու մասին պնդումները՝ դրանք որակելով անհիմն և սխալ:

«Գտնում են, որ որոշ շրջանակների՝ Քեսաբի շրջանում դեպքերի և անցյալի ցավալի իրադարձությունների միջև զուգահեռներ տանելու ջանքերը քաղաքական քարոզչության փորձեր են և դատապարտում ենք դրանք:

Համաձայն մարդասիրական և բարոյական պատասխանատվության, Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին Սիրիայի Քեսաբի շրջանի հայերին իր երկրում ընդունելու և նրանց անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին: Բացի այդ՝ հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացվել են այս հարցի շուրջ պաշտոնական ուղիներով: Սիրիահայերի, ինչպես նաև մյուս սիրիացիների պահանջները բավարարելու համար անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու»,- ասված է հայտարարության մեջ:

Հալեպի Ազգային իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Ներսես Սարգիսյանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում էլ իր հերթին նշել է, որ մի քանի հայ ընտանիք այդպես էլ չի լքել Քեսաբն ու նրանցից լուրեր չկան։ Ըստ նրա, հարցով զբաղվում են Կարմիր մահիկը, Կիլիկո կաթողիկոսությունը, ՀՕՄ-ը, սակայն ամբողջական խնդիրը հանձնված է Սիրիայի ազգային իշխանություններին ու շտաբ մարմնին:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների արձագանքին, Սարգիսյանը նշել է, որ մեծամասամբ խոսվում է ազգային փոքրամասնությունների իրավունքներու մասին, ինչն ընդհանրական է, մինչդեռ Քեսաբն ազգային հարց է․ «Այն պատմական Հայաստանի վերջին մնացորդացն է: Այս հարցում թուրքական պետությունը հստակ դերակատարություն ունի, այն թույլ է տվել, որ ծայրահեղ իսլամիստները սահմանը հատեն և թափանցեն Քեսաբ»,- ասել է նա:

Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանի համոզմամբ, բոլորին ծանոթ է Սիրիայի տագնապը, որն արդեն երրորդ տարին է թևակոխում։ Ինչ վերաբերում է Քեսաբին, ասում է` Կիլիկիայի վերջին մնացորդները վտանգված են: «Մեր կարծիքով պետությունն իր դերը առավելագույն կերպով կկատարի, բայց այն հարցը, որ քեսաբցիները կարող են վերադառնալ, շատ արագ չի լինի: Դա մի քիչ ժամանակ կպահանջի, մինչև հիմնական տարածաշրջանը ապահով լինի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է Յուզբաշյանը:

Իր հերթին ՀՀ խորհրդարանի անդամ, ազգային անվտանգության, պաշտպանության ու ներքին գործերի հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը ասել է Քեսաբի իրադարձությունների մասին. «Պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ամեն պատեհ առիթի դեպքում անում է իր սև գործը, այդ երկիրն իրականում չի փոխվել: Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար»:

Միչիգանի համալսարնի պրոֆեսոր, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, մեկնաբանելով Թուրքիայի գործողություններն ու մասնակցությունը Քեսաբի իրադարձություններին, հայտարարել է, որ թուրքական կողմի աջակցությունն այդ զինված ուժերին, հաշվի առնելով եղած տեղեկությունները, կասկածի հիմքեր չեն տալիս: Սակայն թուրքական կողմի այդ գործողությունները երկակի կարելի է դիտարկել: Մի կողմից այդ գործողությունները կարող էին ուղղված լինել կոնկրետ հայերի դեմ, մյուս կոմից՝ Ասադին աջակցող ուժերի դեմ և հայերն այդ դեպքում տուժել են ոչ իրենց ազգային պատկանելության համար: Նա չի բացառել, որ կարող էին իրենց դերն ունենալ երկու գործոնները:

Մամուլի ասուլիսում անդրադառնալով Քեսաբի դեպքերին, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը նշել է, որ ուկրաինական իրադարձությունները բերեցին նոր հանգրվանի՝ Թուրքիայում պայթեցվում է համաշխարհային հաջորդ պրոբլեմն ընդդեմ Ռուսաստանի, որը նաև այլ խնդիրներ լուծելու համար է: Ըստ նրա, այս իրադարձություններում ներքաշված է նաև Հայաստանը. հայաբնակ Քեսաբ ներխուժեցին ուժեր, որոնց ճամբարները գտնվում են Թուրքիայում. «Նրանք ներկայացան ու ասացին մեկ հարց՝ հայերը պետք է հեռանան»: Մանուչարյանի դիտարկմամբ, թուրքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նման քայլի չպետք է դիմեին, քանի որ վերջին շրջանում Թուրքիան աշխատում էր աշխարհին ցույց տալ, որ փորձում է հարաբերությունները կարգավորել հայերի հետ: «Թուրքիային դա պետք չի, բայց անում է՝ դրդված ինչ-ինչ ուժերի կողմից: Մեր հասարակությունը պետք է հստակ հիշի, ովքեր էին դրդում թուրքերին մտնել Սիրիա»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջին հերթին ԱՄՆ-ն էր պահանջում, որ Թուրքիան միջամտի սիրիական հակամարտությանը: Երևանի կենտրոնում մարտի 26-ին«Քեսաբը կդառնա հայոց վրիժառության օջախ», «Քեսաբը պարտադրում է նոր ԱՍԱԼԱ-ի ծնունդ, հայտարարվում է զորահավաք» գրառումներով պաստառներով տասնյակ երիտասարդներ Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ պահանջ-նամակ հանձնելու։ «Գործընթացը, ըստ էության, ցեղասպանության շարունակությունն է։ Թուրքիան խնդիր է դրել ամբողջ իր սահմանը մաքրել հայերից։ Մեր միասնությամբ ուզում ենք ոգեկոչել սիրիահայերին, որ հայությունն անտարբեր չէ իրենց խնդրի նկատմամբ և մենք աջակցում ենք», - ասել է նախաձեռնության անդամ Արման Մխիթարյանը։ Ըստ նրա Թուրքիան՝ հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ, խախտում է այս կանոնադրությունը, իսկ ՄԱԿ-ն իր լռությամբ փաստացի աջակցում է Թուրքիայի անօրինական գործողություններին։ Կոչ ենք անում դատապարտել Թուրքիայի անօրինական գործողությունները»։ Միջազգային մակարդակով Քեսաբի շուրջ կանխարգելիչ քայլերի բացակայության պարագայում երիտասարդները խոստանում են սեփական ուժերով օժանդակել քեսաբահայերին՝ զորահավաք հայտարարել և անցնել պայքարի։ «Զինված ջոկատները հայկական թաղամասերի պաշտպանության համար լավագույն հոգեբանական աջակցությունը կլինի սիրիահայ համայնքին։ Կամավորներ շատ կան»,- նշել է Մխիթարյանը։ Քաղաքացիական շարժման անդամներին դիմավորել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Բրեդլի Բուզետտոն: Վերջինս շարժման մասնակիցներից վերցրել է նամակը, շնորհակալություն հայտնել ու նորից մտել գրասենյակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---