Քննությունն ավարտված է. Զեյնալովը շարունակում է խոսել ինքնապաշտպանության մասին

Քննությունն ավարտված է. Զեյնալովը շարունակում է խոսել ինքնապաշտպանության մասին

PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է 2013 թվականի հոկտեմբերին մոսկովյան Բիրյուլովո թաղամասում տեղի ունեցած 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության գործը, գրում է «Կոմերսանտը»: Գործով մեղադրյալն ադրբեջանցի Օրհան Զեյնալովն է: Այդ հանցագործությունը Բիրյուլովոյի բնակիչների չարտոնված հավաքի պատճառ դարձավ, որը վերաճեց տեղի առևտրի կենտրոնի ու բանջարեղենի բազայի վրա հարձակման, որտեղ աշխատում էին Միջին Ասիայից եկած միգրանտներ ու կովկասցիներ:

Հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Մոսկվայի Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անհայտ անձը դանակահարել էր երիտասարդին և փախուստի դիմել: Ավելի ուշ քննությունը պարզեց, որ անհայտն Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովն է, որը վիրավորել էր աղջկան: Տղամարդկանց միջև լեզվակռիվ է սկսվել, որը հետո վերաճել է ծեծկռտուքի, իսկ Շչերբակովը դանակահարվել էր: Ավելի ուշ այդ հանցագործության կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց Օրհան Զեյնալովը:

Հանցագործությունը մեծ աղմուկ հանեց, ինչը հանգեցրեց անկարգությունների և միգրանտների ստուգումների Մոսկվայում:

Արձագանքը, որ ունեցավ հանցագործությունը, դրդեց իրավապահներին կրկնակի եռանդով որոնել Եգոր Շչերբակովին սպանողին: Սպանության հաջորդ օրը Շչերբակովի ընկերուհու ցուցմունքների ու Զեյնալովի բնակվելու վայրի՝ շենքի մուտքի տեսագրման խցիկի տեսանյութի հիման վրա, կազմվեց հանցագործի ֆոտոռոբոտը: Նրան ցույց տվեցին հեռուստատեսությամբ, իսկ բնակարանի տերը, որտեղ սենյակ էր վարձակալում Զեյնալովը, հասկանալով, որ նրան են որոնում, հայտնեց ոստիկանությանը: Սակայն, Զեյնալովը հասցրել էր մեկնել Ռյազան ու թաքնվել հարազատների մոտ: Հետախուզմանը միացան Դաշնային Անվտանգության ծառայության մոսկովյան վարչության աշխատակիցները, որոնք որոնումներում ներգրավեցին ադրբեջանական համայնքը: Զեյնալովը, իմանալով, որ իր գտնվելու վայրը հայտնաբերվել է, տեղափոխվեց մերձմոսկովյան Կոլոմնա, որտեղ էլ նրան ձերբակալեցին ու ռազմական ուղղաթիռով բերման ենթարկեցին Մոսկվա:

Զեյնալովին մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2 մասով՝ «Սպանություն խուլիգանական դրդապատճառներով»: Սկզբում նա խոստովանական ցուցմունքներ տվեց, իսկ հետո հայտարարեց, թե ինքն է դարձել հարձակման զոհ ու պաշտպանվել է: Որոշ տվյալներով, այժմ էլ Զեյնալովը այդ վարկածն է առաջ քաշում: Քննության ընթացքում հայտնի դարձավ, որ դեռ 2011 թվականին նա 1 տարվա ազատազրկման էր դատապարտվել երթևեկության կանոնները խախտելու ու տրանսպորտային միջոցներ շահագործելու համար, որի հետևանքով մարդու առողջությանը ծանր վնաս է հասցնել՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով: Ինչպես պարզեց դատարանը, լինելով «Գազել» մակնիշի բեռնատարի ղեկին, Զեյնալովը վրաերթի է ենթարկել մոտոցիկլիստի, որը հաշմանդամ է դարձել:

Ըստ իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի, «քննիչներն ամբողջությամբ վերականգնել են սպանության պատկերը»: Մասնավորապես, հաստատվել է, որ դանակի հարվածներից բացի, մեղադրյալը «Շչերբակովին առնվազն 20 հարված է հասցրել ձեռքերով»: Քննիչները նաև պարզել են, որ Շչերբակովը, «մտադիր լինելով վերջ տալ վիճաբանությանը, հեռացել է Զեյնալովից, սակայն վերջինս հանել է դանակն ու կրկին հարձակվել տուժածի վրա»: Ըստ Մարկինի, «Զեյնալովն ու նրա պաշտպանը ծանոթացել են քրեական գործի նյութերին և առաջիկայում դրանք կներկայացվեն մեղադրական եզրակացության հաստատման համար, որից հետո այն կուղարկվի դատարան»:

Մեղադրյալի փաստաբան Վիկտոր Անիկուշկինը լրագրողների հետ չի շփվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---