Իրանի միջուկային ծրագիրն օրինական է, հայտարարել է նախագահ Ռոուհանին

Իրանի միջուկային ծրագիրն օրինական է, հայտարարել է նախագահ Ռոուհանին

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում առողջապահության ոլորտում երեք միջուկային նվաճումների շնորհանդեսի ժամանակ, մատնանշելով Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվան միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին, ասել է. «Իրանը կապացուցի աշխարհին, որ իր միջուկային գործունեությունը միանգամայն օրինական է ու չի շեղվում նորմերից»:

Ըստ նրա, տեխնոլոգիաների ու գիտական նվաճումների հարցում Իրանը ոչ մի զիջման չի գնա, սակայն քաղաքական ոլորտում երկիրը ցանկանում է առաջ գնալ: «Մենք ձգտում ենք քայլեր կատարել աշխարհի հանրային կարծիքի իրազեկման նպատակով: Մենք ցանկանում ենք գիտական աշխատանքին զուգահեռ առաջընթաց գրանցել նաև քաղաքական ու իրավական հարաբերություններում, քանի որ եթե բոլոր այդ գործերը զուգահեռ չզարգանան, թշնամին կարող է օգտվել ստեղծված բացից»,-ասել է Ռոուհանին՝ հավելելով, որ եթե աշխարհը ցանկանում է բարի հարաբերություններ պահպանել Իրանի ժողովրդի ու կառավարության հետ և բոլորի շահերը, ապա, առաջինը, պետք է ճանաչի Իրանի ժողովրդի իրավունքները: Ճանաչելով Իրանի ժողովրդի մեծությունը՝ աշխարհը պետք է հարգի Իրանի ժողովրդին, հավանություն տա Իրանի գիտնականների ու միջուկային ոլորտի մասնակիցներին, ոչ թե նվաստացնի նրանց: Ոչ պատժամիջոցները, ոչ սպառնալիքներն արդյունավետ չեն եղել ու չեն լինի: «Ուրանի հարստացման հարցում Իրանը ներուժ ունի տարբեր ոլորտներում, և եթե պահանջվի, կարող է արտադրել նաև 20-տոկոսանոց ուրան»,-ասել է Իրանի նախագահը:

Ավելի վաղ ասվել է, որ Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները համաձայնեցրել են Արակում միջուկային ռեակտորի անվտանգության միջոցները: Կողմերը նաև պայմանավորվել են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կողմից ռեակտորի հետագա ստուգումների անցկացման կարգի մասին Մասսիմո Ապարոյի ղեկավարությամբ:

Արակում փորձաքննության անցկացման ամսաթիվը դեռ չի նշվում, ինչը առիթ է հանդիսանում արևմտյան երկրների մտահոգության համար, գրում է Iran.ru-ն: Նշենք, որ մայիսի 6-ին գործակալության փորձագետները ստուգեցին Ուրանի հանքերը Սագանդում, իսկ չորեքշաբթի տեսչական այցով կլինեն Արդականում:

Փորձագետների այցն անցել է 2014 թվականի փետրվարին Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև կնքված համաձայնության շրջանակում, որոնք նախատեսում են յոթ պարտադիր պայմանների կատարում, որոնք կոչված են ապահովելու Իրանի միջուկային ծրագրի թափանցիկությունը:

Ըստ Իրանի փորձագիտական պատվիրակության ղեկավար Համիդ Բաեդինեջադի, նախօրեին ավարտված բանակցություններն օգտակար են եղել:

Փորձագետները մայիսի 6-7-ին Նյու Յորքում քննարկել են Իրանի ու «5+1» խմբի միջև համաձայնության տեխնիկական պահերը: ԵՄ դիվանագետները ևս խորհրդակցություններն օգտակար են համարել: Բանախոսները որոշակի հաջողության են հասել Արակում միջուկային ռեակտորի հարցում:

Ըստ արևմտյան երկրների, ռեակտորը կարող է բավականաչափ պլուտոնիում արտադրել, որը հետագայում կարող է օգտագործվել միջուկային զենքի համար: Իրանի քաղաքական պատվիրակություններն ու «5+1» խումբը կբանակցեն մայիսի 13-ին Վիեննայում: 2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Առաջին փոխանցումն Իրանը կարող է ստանալ արդեն փետրվարին:

Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---