Shadowmatic. 3D գլուխկոտրուկ՝ ստվերում թաքնված ուրվագծերով (վիդեո)

Shadowmatic. 3D գլուխկոտրուկ՝ ստվերում թաքնված ուրվագծերով

PanARMENIAN.Net - Triada Studio Games-ը ներկայացնում է Shadowmatic խաղը, որն առաջիկայում հասանելի կլինի App Store-ում iPhone-ի, iPad-ի ու iPod touch-ի համար։ Shadowmatic-ը 3D գլուխկոտրուկ է, որտեղ անհրաժեշտ է գտնել ստվերում թաքնված ուրվագծերը։ Խաղացողը պատին գցված լույսի շողքում պետք է այնքան պտտի եռաչափ աբստրակտ օբյեկտները, մինչև դրանց ստվերներով կստանա սենյակի միջավայրին համապատասխան ծանոթ թեմատիկ պատկեր։ Խաղի հեղինակը Triada Studio Games-ն է, որը համակարգչային գրաֆիկայի ու անիմացիայի ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Triada Studio-ի նոր ստորաբաժանումն է։ Shadowmatic-ն ընկերության համակարգչային գրաֆիկայի հարուստ հմտություններն ու ստուդիայում հավաքված փորձառական շարժիչը միավորելու առաջին փորձն է։

Shadowmatic-ում տարբեր ոճային ձևավորմամբ ու երաժշտական ուղեկցությամբ 9 սենյակ կա։ Դրանից բացի, խաղն ավելի քան 70 մակարդակ ունի, ներկա ժամանակում ֆոտոիրատեսական 3D գրաֆիկա, մակարդակները հաղթահարելու ոչ գծային տարբերակ, ինտուիտիվ հասկանալի multi-touch կառավարում։

Վերջերս հրապարակված երկրորդ թիզերում խաղի մակարդակներից մեկի օրինակով ներկայացվում է այն հաղթահարելու հուշումների համակարգը։ Ուշագրավ է, որ մակարդակի միակ ճիշտ ստվերը փնտրելիս կարող են հայտնվել բազմաթիվ անսպասելի այլ ուրվագծեր։

Նախորդ դեկտեմբերին առաջին թիզերի հրապարակումից հետո ստացված բազմաթիվ մեկնաբանություններում հաճախակի հանդիպում էր կարծիք, թե գլուխկոտրուկները ժամանակ առ ժամանակ կարող են չափազանց դժվար ու անլուծելի թվալ։ Չնայած Shadowmatic-ը ստեղծողներն այն չափազանց դժվար խաղ չեն համարում, որոշեցին հուշումների համակարգ ստեղծել, որից գեյմերը (խաղացողը) անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել։ Այնուամենայնիվ, խաղը հաղթահարելու համար հուշումներից օգտվելն ամենևին էլ պարտադիր չէ։

Այսպիսով, ամեն մակարդակում հուշման 4 հնարավորություն կա։ Առաջին երկուսը կարճ նախադասությունների տեսքով են, որոնք կհուշեն «թաքնված» ուրվագիծը, որպես երրորդ հուշում օգտագործվում է տվյալ մակարդակի անվանումը։ Օգտվելով վերջին՝ չորրորդ հուշումից, խաղացողը կարող է տեսնել հարկավոր ուրվագիծը, որից հետո այն հավաքելն այլևս դժվար չի լինի։ Բայց հուշումների համակարգից օգտվելու համար խաղացողը hintpoint-եր կկորցնի, որոնց ընդհանուր քանակը խաղի սկզբից մի քանի տասնյակ է։ Դրանց թիվը կաճի օրեցօր, ինչպես նաև խաղի մակարդակները հաղթահարելիս։

Հեղինակները կարևորել են, որ խաղն աշխատի ավելի վաղ թողարկված iOS համակարգով սարքերի վրա։ Իմիջիայլոց, iOS-ի վրա աշխատանքների ավարտից հետո թիմը սկսելու է աշխատել խաղի Android տարբերակի վրա:

Նախապես հայտարարվել էր, որ խաղը կթողարկվի 2014-ի մարտին, բայց աշխատանքների ընթացքում պարզվեց, որ մինչև բավարարող մակարդակը խաղը մշակելն ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան նախատեսված էր։ Քանի որ Shadowmatic-ը պետք է հատուկ խաղ դառնա, ժամկետներն ավելի շատ երկրորդական պլան են մղվել, բայց այն ստեղծողները պնդում են, որ դրանց մասին չեն մոռանում։ App Store-ում խաղի տեղադրման ամսաթիվը կհստակեցվի արդեն մոտ ապագայում։

Ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները տեղադրված են խաղի պաշտոնական կայքէջում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---