Սիրիան ոչնչացրել է իզոպրոպանոլի բոլոր պաշարները, իսկ ՄԱԿ ԱԽ-ն նոր բանաձև է պատրաստում

Սիրիան ոչնչացրել է իզոպրոպանոլի բոլոր պաշարները, իսկ ՄԱԿ ԱԽ-ն նոր բանաձև է պատրաստում

PanARMENIAN.Net - Սիրիան ոչնչացրել է իզոպրոպանոլի բոլոր հայտարարագրված պաշարները, որը զարին թունավոր գազի արտադրության բաղադրիչներից է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Ըստ նրա, պաշտոնապես լուրը հաստատել է ՄԱԿ և Քիմզենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) համատեղ առաքելութունը: Նա նաև հայտնել է, որ Սիրիայում մնում է քիմզենքի համար նախատեսված նյութերի արսենալի 7,5 տոկոսը: Դրանք կենտրոնացած են Դամասկոսի արվարձանում գտնվող օբյեկտում, որն այժմ անհասանելի է մարտական գործողությունների պատճառով: Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կարևորել է մնացած թունավոր նյութերը Սիրիայից սեղմ ժամկետում դուրս բերելու անհրաժշետությունը:

Սիրիան համաձայնեց ոչնչացնել իր քիմիական զենքի պաշարները, բախվելով ԱՄՆ ու նրա դաշնակիցների կողմից ռազմական ուժի կիրառման վտանգի հետ՝ ի պատասխան օգոստոսի 21-ի քիմիական գրոհի Դամասկոսի վրա: Զարին գազով լցոնված հրթիռներով հրթիռակոծության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Վաշինգտոնը վստահ է, որ դա Ասադի կողմնակիցների ձեռքի գործն էր: Սիրիայի կառավարությունը մեղադրում է ապստամբներին քիմիական գրոհի համար:

Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տոննա քիմիական նյութեր: Սիրիան չի միացել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային: 1972 թվականին Դամասկոսը ստորագրեց կենսաբանական ու թունավոր նյութերի մշակումն արգելող կոնվենցիան, սակայն չի վավերացրել այն:

Ռուսաստանը Սիրիային է փոխանցել 75 միավոր ավտոմոբիլային տեխնիկա զենքը դուրս բերելու համար: Ըստ ՔԶԱԿ-ի որոշման, ամբողջ քիմզենքը պետք է դուրս բերվեր Սիրիայի տարածքից մինչև 2014 թ. փետրվարի 5-ը և ոչնչացվեր մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:

Մինչդեռ արևմտյան երկրները ՄԱԿ ԱԽ-ում, ակնկալելով ՌԴ աջակցությունը, որոշել են չհիշատակել Դամասկոսի դեմ հնարավոր պատժամիջոցները Սիրիայի վերաբերյալ հումանիտար բանաձևի նախագծում: Ինչպես ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հայտնել ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն, բանակցությունները բանաձևի բովանդակության շուրջ շարունակվում են: «Մենք աշխատում ենք տեքստի վրա, որպեսզի այն արժանանա Խորհրդի առավելագույն թվով անդամների հավանությանը»,-ասել է նա: «Պատժամիջոցներ այնտեղ չեն լինի, հակառակ դեպքում ՌԴ-ն անմիջապես վետո կդներ քվեարկության վրա»,-հայտարարել է դիվանագետը:

ՄԱԿ ԱԽ բանաձևն ընդունված է համարվում, եթե նրա օգտին է քվեարկում 15 անդամ երկրներից 9-ը, եթե 5 մշտական անդամներից (ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ) որևէ մեկը չի օգտվում վետոյի իրավունքից:

Ըստ Արոյի, հումանիտար բանաձևի գլխավոր խնդիրը ՄԱԿ ներկայացուցիչների համար Սիրիայի սահմանն ու ռազմաճակատը հատելու իրավունք ստանալն է առանց Դամասկոսի թույլտվության: «Դա հատկապես ակտուալ է երկրի հյուսիսում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ սննդամթերքի կարիք ունեն»,-ասել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը:

ՄԱԿ ԱԽ արևմտյան երկրները ակտիվորեն ցանկանում են, որ փաստաթուղթն ընդունվի, քանի որ համարում են, որ Դամասկոսը չի կատարում 2139 բանաձևը, որը պահանջում է սիրիական կողմից անվտանգ ուղի ապահովել քաղաքացիական բնակչությանը հումանիտար աջակցության համար:

Մայիսի 22-ին ԱԽ-ն, ինչպես ակնկալվում է, կքվեարկի ևս մեկ բանաձևի նախագծի համար, որը վերաբերում է Սիրիայի հակամարտությանը: Փաստաթուղթը նախատեսում է խախտումների մասին տեղեկատվությունը փոխանցել Հաագայի Միջազգային քրեական դատարանի քննությանը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---