9  21.05.14 - Ազգային ժողովի քառօրյա նիստ

Գործադիրի ծրագրի քննարկումը․ Կոռուպցիա, կուտակային, գյուղատնտեսություն ու ԵՄ

Գործադիրի ծրագրի քննարկումը․ Կոռուպցիա, կուտակային, գյուղատնտեսություն ու ԵՄ

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Ազգային ժողովում շարունակվել է Կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու կառավարության անդամները պատասխանել են նախորդ օրը գրանցված պատգամավորների հարցերին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե արդյոք ԵՄ-ի հետ Հայաստանը պատրաստվում է ինչ-որ նոր փաստաթուղթ ստորագրել: Նա նկատել է, որ Կառավարության ծրագրում ասված է, որ Հայաստանն ավելի է խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ իրավական առումով: Վարչապետը պատասխանել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու են ամրապնդել, և նոյեմբերին Վիլնյուսում արված hայտարարության արդյունքում պետք է «ճանապարհային քարտեզ» կազմեն։ Նա նկատել է, որ փորձելու են առաջ տանել «և/և»-ի քաղաքականությունը՝ միաժամանակ ամրապնդելով հարաբերությունները Մաքսային միության հետ:

«Ի՞նչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված: Դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ, որ մեր քաղաքացիների մոտ սոցիալական լուրջ խնդիր չառաջանա: Պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումը սոցիալական ոլորտի բարեփոխում է, ոչ թե ֆինանսական»,- պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցերին, թե նոր կառավարության համար կենսաթոշակային բարեփոխման նպատակը որն է, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, իրենց նպատակն է ունենալ այնպիսի օրենք, որը կբխի բոլորի շահերից և հաշվի կառնվեն քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների առաջարկները. «Դա շատ կարևոր բարեփոխում է, թե ինչ ձևով կանցկացվի, մի քիչ համբերենք, հունիս ամսին կբերենք այն Ազգային ժողով»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ելույթում անդրադարձել է կոնկրետ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքին, նշելով, որ անկախության տարիներին գրեթե անդադար պետական պաշտոններ է զբաղեցրել և դարձել ամենահարուստ սեփականատերերից մեկը, գրում է Tert.am-ը։

«Հազարով հեկտար հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ, իսկ ընդհանրապես Երևանի փոքր կենտրոնում, որ շենքի տակ կանգնում ես՝ ասում են Հովիկ Աբրահամյանը երկու հարկ ունի»,- ասել է նա և անցել Դավիթ Հարությունյանին, թե նա էլ այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ տպավորություն է՝ «անշարժ գույքի գործակալ է»։

«Գագիկ Խաչատրյանն ընդհանրապես դժվար է ասել՝ ինչով է զբաղված, ինչի մասին խոսում ես, ասում են Գագիկ Խաչատրյանինն է՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Մեգաավտո»։ Էս ինչո՞վ եք զբաղված։ Առավոտից իրիկուն խոսում են կոռուպցիայի մասին, ձեզ թվում է՝ կոռուպցիան տենց պոզով պոչո՞վ է, էս է»,- նշել է նա։

Ըստ Փաշինյանի՝ երբ այս Կառավարության ծրագիրը կարդում ես, տպավորություն է, թե իրենց բիզնես ծրագրերն են հաստատում։ Որպես օրինակ նա նշել է Արարատյան դաշտում ձկնաբուծությունը։ «Կառավարությունը գրել է, որ ձկի արտադրությունը պետք է ավելացնի, այս պատմությունը կօգտագործեն, մի երկու մանր-մունր ձկնաբույծներ կան, նրանց էլ կհեռացնեն ու ամբողջը կդարձնեն երեք ընտանիքի սեփականությունը՝ ՀՀԿ, ԲՀԿ խմբակցությունից, ու դրանով ամեն պատմություն կավարտվի: Հովիկ Աբրահամյանին ասում ենք՝ ո՞նց եք այդ միլիոններն աշխատել, ասում է՝ հող եմ մշակել։ Պարոն Աբրահամյան, համ հող եք մշակել, համ բարձրաստիճան պաշտոնյա եք եղել․ եկեք արձանագրենք, որ որպես պաշտոնյա՝ ինչ արդյունք ունենք՝ կրախի առաջ կանգնած երկիր, աղքատություն և ունեք ի դեմս Ձեզ՝ շատ մեծ շահույթներ գյուղատնտեսությունից: Եթե այս փաստերը համադրում ենք, ստացվում է, որ Ձեզ մոտ ավելի լավ պոմիդոր աճեցնելն է ստացվում, միգուցե դրանո՞վ զբաղվեք»,- առաջարկել է պատգամավորը։

ՀԱԿ պատգամավորի ելույթը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իրարանցում է առաջացրել ԱԺ-ում։ Նա անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որը տեղից բոլորի ելույթներին արձագանքում էր, իսկ Նիկոլ Փաշինյանի հարցը մինչ այդ որակել էր «չարաճճիություն»։

«Գալուստ Սահակյանն ասաց չարաճճիություն բառը, եթե դուք ԱԺ-ի նախագահությունում թոթովախոս եք, բառերը դժվարությամբ եք գտնում ու կապում իրար, սա չի նշանակում, որ ԱԺ-ն պետք է շփոթեք մանկապարտեզի հետ, եթե շարունակեք ձեզ այդպես պահել, մենք էլ կպահենք համարժեք»,- ասել է նա։ ԱԺ նախագահը հակադարձել է. «Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց»։

Փաշինյանի ելույթն անտարբեր չի թողել նաև ՀՀԿ խոսնակ, ԱԺ հանրապետական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Արտահերթ ելույթում նա հայտարարել է, թե այս ծրագրից է կախված հասարակության, ժողովրդի ապագան, բայց չեն հավաքվել զազրախոսելու:

«Պետք է բոլորս, ի վերջո, գիտակցենք, որ սա Հայաստանի գլխավոր քաղաքական ամբիոնն է: Եթե մեր նպատակն իրար վիրավորելն է, ապա դա որևէ տեղ չտանող ճանապարհ է, եթե մեր նպատակն իրար հայհոյելն է, ապա դա խոսում է պլինտուսից ցածր մակարդակի մասին: Լավ, ինչքա՞ն կարելի է նույն բանը ասել»,- հարցրել է Շարմազանովն ու հավելել, որ չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ դրանով բարձանում է վարկանիշը:

Դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Փաշինյանը հարցրել է` եթե պաշտոնյաները պնդում են, որ բիզնեսով չեն զբաղվում, որտեղի՞ց է իրենց իսկ հայտարարագրած ունեցվածքը։ Ըստ նրա, կոնկրետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ընթացքում հայտարարագրել է 5.5 մլն դոլար, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` 6.5 մլն դոլար, իսկ Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը՝ վեց բնակարան:

«Հայտնի է, որ Կառավարության անդամներն իրավունք չունեն բիզնեսով զբաղվել, եթե բիզնեսով չեք զբաղվել, որտեղի՞ց եք հայտարարագրել այդ գումարը։ Եթե բիզնեսով զբաղվելու ժամանակ նաև պաշտոնավարել եք, դա օրենքի խախտում է: Դուք բոլորդ այս ողջ ընթացքում եղել եք պետական պաշտոնյաներ, հիմա եթե բիզնեսով չեք զբաղվել, ո՞նց եք աշխատել այդ գումարները: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հարցը», - հարցրել է Փաշինյանը:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշել է, թե կոչ է անում, որ բոլոր գործընկերները և ընդհանրապես հանրությունն այդքան նեգատիվ չվերաբերեն գործարարությանը: «Գործարարների շնորհիվ է, որ այստեղ նստած եք, աշխատավարձ եք ստանում, գործարարների և նրանց հարկերի շնորհիվ է, որ մենք թոշակ և աշխատավարձ ենք բարձրացնում: Ընդհանրապես բնավորություն է մարդկանց մոտ ձևավորվել, որ գործարարներին փորձում են դարձնել «բոբոներ»,- ասել է նա ու հավելել, որ երբեք չի թաքցրել` ունեցել է և հայտարարագրում ներկայացրածն աշխատել է այն տարիներին, երբ հողագործությամբ է զբաղվել։

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Ասում եք՝ հող եք մշակել, ձևն ասեք, ամբողջ Հայաստանի գյուղացիությունը հող է մշակում՝ տոկոսի տակ է ընկնում, դուք հող եք մշակում՝ միլիոնավոր դոլարնե՞ր եք վաստակում»։

ԱԺ ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե նախորդ Կառավարության ներկայացրած ծրագրի համեմատ, այս ծրագրից «ծրագրի հոտ է գալիս»: Նա ընդհանուր առմամբ գոհունակությամբ է խոսել Հովիկ Աբրահամայնի Կառավարության ծրագրից:

«Նախորդ Կառավարության ծրագրերի մեջ նյութ չեմ տեսել, ու մեր բոլոր քննադատություններն ազնիվ են եղել, արդյունքում վեց տարի կորցրել ենք: Անկախ նրանից, ինչպես կքվեարկեմ, ինձ դուր է գալիս, որ առաջին անգամ Կառավարությունն առաջարկում է սահմանի վրա ԱԱՀ-ն վերացնել: Դա մեծապես խրախուսելու է մեր տնտեսությունը»,- հայտարարել է Բագրատյանը:

Մայիսի 19-ին գործադիրի արտահերթ նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկույցով ներկայացել էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Կառավարությունը հավանություն է տվել ծրագրին, որը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 20-ին Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության ծրագիրը` նշելով, որ այն մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, նախագահի, ՀՀԿ նախընտրական ծրագրի, գործադիրի 2013-ի ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---