Թուրքիայի վարչապետը հորդորում է երիտասարդներին չնշել Գեզիի և Թաքսիմի բողոքների տարելիցը

Թուրքիայի վարչապետը հորդորում է երիտասարդներին չնշել Գեզիի և Թաքսիմի բողոքների տարելիցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երիտասարդ թուրքերին չնշել բողոքի զանգվածային ցույցերի տարելիցը Թաքսիմ հրապարակում: Նա ելույթ է ունեցել ցույցերի նախօրեին, որոնք կայանալու են շաբաթ օրը:

Հրապարակի շուրջ արդեն կենտրոնացած են ոստիկանության պարեկախմբերը, հատուկ տեխնիկա է տեղակայված, այդ թվում նաև ջրանետ մեքենաներ:

Գեզի զբոսայգու վերակառուցման ծրագրերի հետ կապված բողոքներն անցյալ տարի վերաճեցին զանգվածային հակակառավարական ցույցերի, իսկ հետո ոստիկանության հետ բախումների:

Անկարգությունների արդյունքում մի քանի մարդ զոհվեց, մոտ հազար հոգի վիրավորվեցին: Անցած ուրբաթ մահացավ 64-ամյա մի կին, որը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերին բողոքի ցույցերի ժամանակ արցունքաբեր գազով թունավորումից:

Ակցիաների գլխավոր կազմակերպիչն է «Թաքսիմ համերաշխություն» շարժումը, որը կոչ է արել կիրակի օրը նշել բողոքների տարելիցը մեծ հանրահավաքով: Ինչպես ակնկալվում է, բողոքներ տեղի կունենան շատ քաղաքներում, այդ թվում նաև մայրաքաղաք Անկարայում:

Դիմելով երիտասարդներին՝ Էրդողանն ասել է. «Մեկ տարի անց, մարդիկ, այդ թվում այսպես կոչված նկարիչները, կոչ են անում ցույցի դուրս գալ, բայց դու, թուրք երիտասարդություն, դու չես արձագանքի այդ կոչերին»: Ելույթ ունենալով մի խումբ երիտասարդների առջև ուրբաթ օրը՝ վարչապետը շարժումն անվանել է «ահաբեկչական կազմակերպություն», որն «օգտվելով երիտասարդների բարոյական ու ֆինանսական թուլությունից, փորձեց հարված հասցնել միասնությանն ու սպառնալիքի տակ դնել տնտեսությունը»:

Ինչպես ակնկալվում է, կառավարությունն անվտանգության լուրջ միջոցներ կձեռնարկի, թեև ամբողջությամբ չի փակի Թաքսիմ հրապարակը, ինչպես դա արվեց մայիսի 1-ին, հայտնում է ВВС-ին:

Բողոքի ցույցերը Թուրքիայում սկսվեցին 2013 թ. մայիսին, երբ կառավարությունը ցանկանում էր քանդել Գեզի այգին ու այդ վայրում առևտրի համալիր կառուցել: Ամառային ակցիաների հետևանքով 5 մարդ զոհվեց, մի քանի հազար մարդ վիրավորվեց ու ձերբակալվեց: Ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ կիրառեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---