Wall Street Journal. Օբաման չի ռմբակոծի Իրաքում սունի զինյալներին

Wall Street Journal. Օբաման չի ռմբակոծի Իրաքում սունի զինյալներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն գտնում է, որ Իրաքում սունի գրոհայինների դեմ պայքարի համար պատասխանատվություն պետք է կրի իրաքյան կողմը: Վաշինգտոնի այս հայտարարությունը հնչել է Բարաք Օբամայի Կոնգրեսի առաջնորդների հետ կայանալիք հանդիպման շեմին, որը նվիրված կլինի իրաքյան հակամարտության քննարկմանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Ոչ մի արտաքին ուժ, այդ թվում ԱՄՆ-ն, չի կարող լուծել այն խնդիրները, որոնց բախվել է Իրաքի ժողովուրդը: Իրաքի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի»,-հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին:

«Ալ Քայիդայից» առանձնացած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը միջկրոնական պայքար է մղում իրաքա-սիրիական սահմանի երկու կողմում: Անցած շաբաթ խմբավորումը գրավեց Իրաքի երկրորդ Մոսուլ քաղաքը և շարժվում է դեպի Բաղդադ:

Միացյալ Նահանգները, որոնք դուրս բերեցին զորքերն Իրաքից 2011 թվականին, հայտարարել են, որ կօգնեն Իրաքի իշխանություններին գրոհայինների դեմ պայքարում: Սակայն միևնույն ժամանակ Վաշինգտոնը պահանջել է շիա վարչապետ Նուրի Մալիկիից փոխել կառավարման ոճը, ավելի թափանցիկ գործելով, քանի որ նրան մեղադրում են սունի և քուրդ փոքրամասնությունների մարգինալացման մեջ:

Նախօրեին ԱՄՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է նոր բանակցությունների Իրանի հետ Իրաքում իրավիճակի կայունացման շուրջ, որից հետո երկուշաբթի կողմերը կարճ բանավեճ ունեցան այս հարցի շուրջ: Նախագահ Օբաման Սենատի և Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներին հրավիրել է Սպիտակ տուն Իրաքի շուրջ հանդիպման համար: Սակայն ոչ մի նախանշան չկա, թե նախագահը կարող է Կոնգրեսի առաջնորդներին որևէ որոշման կամ գործողությունների նախագիծ առաջարկել:

Սպիտակ տան ներկայացուցիչը հանդիպումը բնութագրել է որպես «Կոնգրեսի առաջնորդների հետ շարունակվող խորհրդակցությունների մաս:

Մինչդեռ, Wall Street Journal-ը հայտնում է, որ նախագահ Օբաման հրաժարվել է առաջիկայում սունի գրոհայիններին օդային հարվածներ հասցնելուց: Փոխարենը ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ կփոխանակի Իրաքի զինվորականների հետ՝ ջանքերն ուղղելով երկրի քաղաքական պառակտվածությունը հանգուցալուծելուն և ստանալով տարածաշրջանային դաշնակիցների աջակցությունը:

Մամուլի հաղորդագրություններում ասվում է, որ օդային հարվածներից խուսափելու նախագահի մտադրությունը պայմանավորված է մասնավորապես նրանով, որ ամերիկացի զինվորականները բավարար տեղեկություններ չունեն թիրախների մասին, որոնց հարվածելով հնարավոր լիներ զգալի փոխել իրավիճակը մարտի դաշտում: Ընտրված մոտեցումը կնպաստի նաև սունիների ելույթների խորքային պատճառների վերացմանը:

«Նախագահը կենտրոնացել է համապարփակ ռազմավարության վրա, ոչ թե օպերատիվ ռազմական արձագանքի,-հայտարարել է պարբերականին վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:-Թեև ռազմական տարրը կարող է նրա մասը լինել, փաստորեն, դա շատ ավելի մեծ աշխատանք է»:

Վերջին հաշվով, Օբաման կարող է ընդհանրապես հրաժարվել օդային հարվածներ հասցնելուց, չնայած որ վերջին օրերին իրադարձությունների նման զարգացումը համարվում էր հակազդեցության հիմնական տարբերակը: Ըստ Wall Street Journal-ի, օդային հարվածներ հասցնելու հնարավորությունը դեռ քննարկվում է, սակայն, ըստ պաշտոնյայի, Օբաման հազիվ թե առաջիկայում վերադառնա ռազմական միջամտության քննարկման տարբերակին: Այժմ Սպիտակ տունն ու Պենտագոնը հոռետեսորեն են գնահատում օպերատիվ օդային հարավածների արդյունավետությունը և փոխարենը դիտարկում են ամերիկացի հատուկջոկատայիններին ուղարկելու տարբերակը, որոնք հետախուզական տվյալներ կփոխանակեն ու խորհրդատվություն կտան իրաքցի զինվորականներին, գրում է թերթը: Պարբերականի աղբյուրները վկայում են, որ անհրաժեշտության դեպքում, լավ նախապատրաստվելուց ու իրաքյան զորքերին խորհրդատվություն տրամադրելուց հետո, Օբաման կարող է որոշում կայացնել օդային հարվածների մասին, բայց գործը կարող է դրան չհասնել:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---