Ուելսը որոշել է հետևել Շոտլանդիայի օրինակին և անկախության հանրաքվե անցկացնել

Ուելսը որոշել է հետևել Շոտլանդիայի օրինակին և անկախության հանրաքվե անցկացնել

PanARMENIAN.Net - Ուելսը որոշել է հետևել Շոտլանդիայի օրինակին և անկախության հանրաքվե անցկացնել, չնայած, որ շոտլանդացիները քվեարկության արդյունքում մնացին Մեծ Բրիտանիայի կազմում: Այդ մասին է հայտարարել Plaid Cymru ազգայնական ձախ կենտրոնամետ քաղաքական կուսակցության ղեկավար Լինն Վուդը:

Սեպտեմբերի 18-ի հանրաքվեում շոտլանդացիների մեծ մասը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի միասնությանը՝ չսատարելով անկախության գաղափարին: Անկախացմանը դեմ է քվեարկել Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը՝ (2 001 926 մարդ), կողմ՝ 44,7 տոկոսը (1 617 989 մարդ): Շոտլանդիայի առաջին նախարար և հանրաքվեի գլխավոր նախաձեռնող Ալեքս Սալմոնդը ճանաչեց ժողովրդի ընտրությունը և հրաժարական տվեց: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, խոստացավ անկախության կողմնակիցներին ինքնորոշման ընդլայնում և առաջարկեց մտածել այդ մասին նաև Անգլիային, Ուելսին ու Հյուսիսային Իռլանդիային:

«Ուելսին քաղաքացիական շարժում և հեղափոխություն է պետք ժողովրդավարական հասարակությունում՝ այն ամենն, ինչ մենք տեսանք Շոտլանդիայում»,-հայտարարել է Լինն Վուդը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա խոստովանել է, որ Ուելսի գործընթացները մի փոքր ուշանում են, սակայն, ըստ իր կանխատեսումների, «անկախությունը կարող է իրողություն դառնալ արդեն հաջորդ սերնդի համար»: Այժմ Ուելսի կուսակցության հիմնական նպատակը համընդհանուր ընտրություններն են, որոնք պետք է անցնեն 2015-ի մայիսին, և հետո տեղականները՝ 2016-ին: Մինչ այդ կուսակցության անդամները փորձելու են փաստաթուղթ պատրաստել, որտեղ կբերվեն Միացյալ Թագավորության կազմից տարածաշրջանը դուրս բերելու հիմնական դրույթները, ինչպես նաև Ուելսի Սահմանադրության նոր նախագիծը:

«Գործընթացը կիրականացնի բնակչությունը, ոչ թե քաղաքական գործիչները: Տասնամյակներ շարունակ անկախությունն Ուելսի համար անիրականանալի երազանք էր: Իսկ այժմ, Շոտլանդիայի օրինակով, մարդիկ սկսում են հավատալ, որ այս անգամ անկախությունն արդեն մոտ է»,-հավելել է Վուդը:

Սեպտեմբերի 18-ի Շոտլանդիայի անկախության հանրաքվեն «անջատումների» ալիք բարձրացրեց աշխարհում: Այդպես, ԱՄՆ Տեխաս նահանգի Ազգայնական շարժման նախագահ Դենիել Միլլերը, որը ցանկանում է, որ օրենսդիր ժողովն առանձնացման մասին հարցը դնի նահանգի բնակիչների քվեարկությանը, ասում է, որ Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեն բարի նշան է իր գլխավորած շարժման համար: «Եթե դա կարող է անել Շոտլանդիան, կարող է անել նաև Տեխասը»,-հայտարարել է նա:

Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով հավանություն է տրվում Իսպանիայի այդ ինքնավար շրջանում նոյեմբերի 9-ին ինքնիշխանության մասին բնակչության հարցում անցկացնելուն: Բանաձևը կոչ է անում հարցումն անցկացնել «ժողովրդավարական երաշխիքների ու օրենքների համաձայն»:

Բանաձևի օգտին է քվեարկել ազգայնական կուսակցություններից 86 պատգամավոր, ներառյալ «Կոնվերգենցիա և միոթյուն» իշխող կոալիցիան, ինչպես նաև երեք սոցիալիստ պատգամավորները, որոնք այդպիսով խախտել են բանաձևին չսատարելու կուսակցության որոշումը:

Փաստաթղթին դեմ է քվեարկել 44 պատգամավոր Սոցիալիստական, Ժողովրդական և «Քաղաքացիներ» կուսակցություններից, որոնք մեղադրել են Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասին կենտրոնական կառավարության հետ առճակատման բորբոքման մեջ: Ինչպես նշել է «Քաղաքացիների» նախագահ Ալբերտ Ռիվերը, «այդ են վկայում բանաձևի դրույթները, մասնավորապես, այն կետը, որը նշում է, որ ուժի մեջ է մնում հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանի հավանությանն արժանացած հռչակագիրը ինքնավար մարզի ինքնիշխանության մասին, որը, սակայն, Սահմանադրական դատարանը մարտին համարեց հակասող երկրի հիմնական օրենքին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---