Վրաստանն իր տարածքն է առաջարկում իսլամիստների դեմ մարտիկներ պատրաստելու համար

Վրաստանն իր տարածքն է առաջարկում իսլամիստների դեմ մարտիկներ պատրաստելու համար

PanARMENIAN.Net - Վրաստանն առաջարկել է իր տարածքում մարզչական ճամբար տեղակայել չափավոր սիրիացի ապստամբների համար, որոնք կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն, նման բազա ստեղծելու գաղափարով Վրաստանի ղեկավարությունը հանդես էր եկել դեռ սեպտեմբերի սկզբին, երբ Թբիլիսի էր ժամանել ԱՄՆ ՊՆ ղեկավար Չակ Հեյգելը, հայտնում է LB.ua-ն Foreign Policy-ի վրա հղումով:

Ըստ Գեգեշիձեի, այդ օրվանից առաջարկը քննարկվում է Վաշինգտոնում: Պենտագոնում դրան ավելի բարեհաճ են վերաբերվել: Ինչպես հայտարարել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը, «Թբիլիսին շարունակում է իր հավատարմությունը դրսևորել խաղաղության ու կայունության պաշտպանության գործին և միշտ պատրաստ է աջակցել մեզ»: Նա նշել է նաև, որ Վրաստանը մտադիր է իր տարածքում նախապատրաստել ոչ միայն սիրիական ընդդիմության մարտիկներին, այլ նաև այլ երկրների քաղաքացիների, որոնք ցանկություն ունեն պայքարելու իսլամիստների դեմ:

Ըստ Foreign Policy-ի, նմանատիպ առաջարկների միջոցով Թբիլիսին փորձում է մերձենալ ՆԱՏՕ-ին և Արևմուտքի բարեհաճությանն արժանանալ: Բացի այդ, Վրաստանի ղեկավարությունը մտավախություն ունի, որ իսլամիստների հաղթանակը Սիրիայում ու Իրաքում կարող է սպառնալիք լինել բուն Վրաստանի համար: «Իսլամական պետության» գրոհայինների շարքերում պատերազմում են նաև Վրաստանի քաղաքացիներ, այդ թվում հայտնի դաշտային հրամանատար Օմար ալ Շիշանին, որի իսկական անունն է Թարհան Բատիրաշվիլի:

Մինչդեռ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, մեկնաբանելով զանգվածային հարձակման արդյունքները Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերի վրա, խոստովանել է, որ հեշտ չի լինի ահաբեկիչներին հաղթելը: Ըստ Քիրբիի, ԻՊ դեմ պայքարը «մի քանի շաբաթվա կամ ամսվա գործ չէ»:

«Մենք գիտենք, որ դա բարդ է լինելու, բոլոր կողմերը պետք է ջանք գործադրեն: Մենք կարծում ենք, որ խոսքը տարիների մասին է»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը և հերթական անգամ նշել, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները սպառնում են ոչ միայն ԱՄՆ ու Մերձավոր Արևելքի շահերին ընդհանուր առմամբ, այլ նաև Իրաքի ու Սիրիայի ժողովրդների, հայտնում է НТВ.Ru-ն:

Նախօրեին ԱՄՆ և նրա մերձավորարևելյան դաշնակիցներ Բահրեյնի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու ՄԱԷ ավիացիան հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում, այդ թվում ահաբեկիչների կենտրոնակայանին: Պենտագոնում հայտարարել են, որ գործողության մեկնարկը հաջող է եղել, բազում թիրախներ են խոցվել: Ըստ վերջին տվյալների, սպանվել է մոտ 70 գրոհային: Այժմ ճշտվում է, թե կան արդյոք զոհեր ու վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---