Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը հայտարարել է, թե հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն միեւնույն ժամանակ դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունից: «Մենք կողմ ենք խաղաղ բանակցություններին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, սակայն, հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը մինչ այժմ անարդյունք է եղել»,-ասել է «Ազադլիգ» դաշինքի հիմնադիրներից մեկը, Ժողովրդական ճակատի նախագահ Ալի Քերիմլին: Ա.Քերիմլին գտնում է, որ խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, մինչեւ որ «միջոցներ չձեռնարկվեն Հայաստանի հանդեպ, որը գրավել է Ադրբեջանի տարածքի մի մասը»: «Մինսկի խումբը փոխանակ միջոցներ ձեռնարկի այն կողմի հանդեպ, որը զավթել է Ադրբեջանի տարածքները, փորձում է հաշտեցնել ագրեսորին այն երկրի հետ, որի մի մասը գրավված է»,-նշել է Քերիմլին` հավելելով, որ «նման մոտեցումը դատապարտված է անհաջողության»:



Բացի այդ, հայտարարության մեջ, որ տարածվել է մամլո ասուլիսի ժամանակ ոչ կառավարական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) կողմից, նշվում է, որ «Մինսկի խումբը մոտենում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը երկակի չափանիշներով»: «Ադրբեջանը պետք է հրաժարվի Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններից, միջազգային կազմակերպություններից պահանջի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ, ռազմական գործողություն սկսի զավթված տարածքները ազատելու համար»,-ասվում է ՂԱԿ-ի հայտարարության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---