Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար (նախարար) Միշելին Քալմի Ռեյի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նա գոհունակություն է հայտնել հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին, նշել է շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության ներգրավվածությունն առանձին ծրագրերում:



Իր հերթին Միշելին Քալմի Ռեյն ասել է, որ իր երկիրն ուշադրությամբ հետեւում է Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին` հատկապես հետաքրքրված լինելով կայունության, անվտանգության եւ միգրացիոն խնդիրներով: Նրա խոսքով, Հայաստանը համակրանքի մեծ կապիտալ ունի Շվեյցարիայում, ինչը նաեւ շվեյցարահայերի շնորհիվ է:



Նշելով, որ տնտեսական ոլորտում ցուցանիշները բավականին համեստ են, կողմերն ընդգծել են առավել համակարգված փոխգործակցության անհրաժեշտությունը: Այդ առումով նրանք կարեւորել են այսօր երկու երկրների միջեւ ստորագրված եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ այս օրերին Ցյուրիխում անցկացվող տնտեսական ֆորումը, գործարար շփումները: Զրուցակիցներն արդյունավետ են գնահատել նաեւ երկու երկրների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---