Բելառուսը վերականգնել է մաքսային հսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին

Բելառուսը վերականգնել է մաքսային հսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Մինսկի հասցեին վերաարտահանման մեղադրանքներից ու Մոսկվայի հասցեին Ալեքսանդր Լուկաշենկոյի կտրուկ հայտարարություններից հետո Բելառուսը վերականգնել է մաքսակետերը Ռուսաստանի հետ սահմանին, որոնք վերացվել էին Մաքսային միությունը ստեղծելիս: Մաքսային հսկողության են ենթարկվում ոչ միայն բեռնատար, այլ նաև ուղևորատար ավտոմեքենաները, ինչն ըստ ականատեսների, մեծ խցանումներ է առաջացրել սահմանին:

Ականատեսները պնդում են, որ ստուգումների կապակցությամբ հերթերը անցակետերում ռուսական կողմից հասնում են մի քանի կիլոմետրի: Բելառուսական մաքսային ծառայության աշխատակիցը հերքել է լուրերը հերթերի մասին, սակայն հաստատել է մաքսային ստուգումներ անցկացնելու փաստը: Ըստ նրա, մեկ ավտոմեքենայի ստուգումը տևում է մոտ 10 րոպե, գրում է ՌԲԿ-ն:

Ռուս-բելառուսական հարաբերություններում հերթական սկանդալի պատճառ դարձավ ՌԴ սննդամթերքի ներկրման արգելքը: Մոսկվան մեղադրում է Մինսկին տեղական արտադրանքի տեսքով կամ դեպի Ղազախստան արտահանման քողի տակ ՌԴ սննդամթերքի վերաարտահանման մեջ: Նոյեմբերի վերջին խստացվեցին միջոցները:

«Ռոսսելխոզնադզորը» արգելեց սննդամթերքի տարանցումը Ռուսաստանի տարածքով Բելառուսից Ղազախստան և այլ երկրներ առանց մաքսային զննության ռուսական անցակետերում և արգելեց մի շարք բելառուսական միսկոմբինտաների ու թռչնաֆաբրիկաների արտադրության ներմուծումը Ռուսաստան: Որպես պատճառ նշվեց բակտերիաների և վիրուսների հայտնաբերումը բելառուսական արտադրանքում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրեց Ռուսաստանին «անպարկեշտ վարքագծի» մեջ՝ հերքելով բոլոր մեղադրանքները ու պահանջեց հանել բոլոր սահմանափակումները: Մինսկի պահանջը չկատարվեց, որին հաջորդեց մաքսային վերահսկողության վերականգնումը ռուս-բելառուսական սահմանին:

Ավտոտրանսպորտի մաքսային զննությունը ՌԴ և Բելառուսի սահմանին վերացվեց 2011 թ. հուլիսի 1-ին Մաքսային միության ստեղծման կապակցությամբ: Երկու երկրներն արդեն ԵՏՄ անդամ են: Բելառուսի և ՌԴ միջև տնտեսական բնույթի խնդիրներ մշտապես են առաջանում, Մինսկն ամեն անգամ սպառնալիքներ է հնչեցնում և ցուցադրական քայլեր կատարում՝ ուղղված ինտեգրման գործընթացների սառեցմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---