Եթե Երեւանն ու Բաքուն համաձայնության չգան ղարաբաղյան հարցի կարգավորման սկզբունքների շուրջ, դա ողբերգական կորուստ կլինի

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չհամաձայնվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկված սկզբունքների հետ, դա հնարավորության ողբերգական կորուստ կլինի երկու նախագահների համար, եթե նրանք թույլ տան, որպեսզի 2006-ին այս հնարավորության պատուհանը փակվի` առանց անգամ համաձայնության գալու Լեռնային Ղարաբաղի համերաշխության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարության մեջ, որը ներկայացվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում: Միջնորդները հիշեցնում են, որ 2007 եւ 2008թթ. ընտրություններ են նախանշվում նախ Հայաստանում, ապա նաեւ Ադրբեջանում: «Մենք անցյալում տեսել եք, թե ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ ազգային ընտրությունները բանակցությունների վրա, եւ մենք շարունակում ենք հավատալ, որ հիմա է այն ժամանակը, երբ երկու նախագահները պետք է հանդես բերեն քաղաքական կամք` միասին դեպի խաղաղություն խիզախ քայլ անելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:



Միջնորդները նշում են, որ սպառել են իրենց երեւակայությունը այս սկզբունքները ճանաչելու, ձեւակերպելու եւ վերջնական տեսք տալու մեջ: «Մենք չենք հավատում, որ լրացուցիչ այլընտրանքային տարբերակները, որ առաջ կքաշվեն միջնորդների կողմից կողմերի հետ լրացուցիչ հանդիպումների ընթացքում, կբերեն այլ արդյունքների: Մենք հուսով ենք, որ Մշտական Խորհուրդը կմիանա մեզ` հորդորելու ղարաբաղյան հակամարտության կողմերին հնարավորինս շուտ հասնել համաձայնության այն հիմնական սկզբունքների շուրջ, որ մենք առաջարկել ենք: Եթե երկու կողմերը չեն կարող համաձայնության գալ այն սկզբունքների շուրջ, որ մենք առաջ ենք քաշել, մենք հավատում ենք, որ հիմա իրենցից է կախված աշխատել միմյանց հետ այլընտրանքային համաձայնության հասնելու համար, որը երկուսի համար էլ ընդունելի կլինի»,-ասվում է հայտարարության մեջ:



Միջնորդները նշում են, որ չեն կարող կողմերի փոխարեն դժվարին որոշումներ կայացնել: «Մենք կարծում ենք, որ այս պահին կողմերին օգտակար կլինի թույլ տալ իրենց հանրություններին ներգրավվել առողջ քննարկումների մեջ այս հարցի վերաբերյալ առկա բազմաթիվ տեսակետների շուրջ: Մենք վստահ ենք, որ հասարակություններից եւ ոչ մեկը չի ուզում հակամարտության վերսկսում, եւ մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին աշխատել իրենց հասարակության եւ միմյանց հետ ձեւակերպելու հիմնական սկզբունքների մի համաձայնագիր, որն ընդունելի կլինի երկուսի համար: Վերջին հաշվով, երկու կողմերն են, որոնք պատասխանատվություն կկրեն իրենց ժողովուրդների եւ միջազգային հանրության առջեւ, եթե նրանց գործողությունները հանգեցնեն պատերազմի եւ ոչ թե խաղաղության»,-ընդգծվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---