Մոսկվան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հնարավոր խզման մասին. Պատճառն Ուկրաինան է

Մոսկվան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հնարավոր խզման մասին. Պատճառն Ուկրաինան է

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ամբողջապես կխզի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, եթե Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնա: Նման կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: Սակայն Ուկրաինայի արտադաշինքայիյն կարգավիճակից հրաժարվելու մասին օրենքն, որն ընդունել է Ռադան, չի սպառնում Ռուսաստանի անվտանգությանը, ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն: :

Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք ներկայացրեց Գերագույն ռադայի քննարկմանը երկրի արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին: Արդեն դեկտեմբերի 23-ին խորհրդարանը հավանություն տվեց առաջարկին: Հիմնավորման մեջ ասվում էր, որ «դա թույլ կտա ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության ու անկախության պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել»:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ Ռուսաստանին 100-տոկոսանոց երաշխիք է պետք, որ ոչ մի երկիր չի մտածում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին և մեղադրեց դաշինքին դեպի ՌԴ սահմաններ չընդլայնվելու խոստումը դրժելու մեջ:

«Արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին Ուկրաինայի խորհրդարանի որոշումը չի սպառնում ՌԴ անվտանգությանը, քանի որ դա քաղաքական որոշում է, սակայն եթե այն հետագայում ռազմական իմաստ ստանա (անդամակցում ՆԱՏՕ-ին), ապա մենք համարժեք կգործենք: Այդ դեպքում ՆԱՏՕ-ի հետ ամբողջական խզում կլինի, որը վերականգնել հնարավոր չի լինի»,-ասել է Անտոնովը:

Փոխնախարարը նշեց նաև, որ Կիևին այդ քայլին դրդեցին «ՆԱՏՕ-ի երկրները՝ փորձելով Ուկրաինայի տարածքը դարձնել Ռուսաստանի հետ դիմակայության առաջնագիծ»:

Անդրադառնալով ՌԴ և ՆԱՏՕ-ի այսօրվա հարաբերություններին՝ Անտոնովը նշել է, որ այժմ միջազգային ռազմական գործակցությունը դադարեցված է: Սակայն գերատեսչությունում այդ փաստին հանգիստ են վերաբերվում, հավելել է նա: Ըստ նրա, Ռուսաստանի գործընկերները դադարեցրել են այն նախագծերի իրականացումը, որտեղ վերջին տարիներին դրական արդյունքներ են գրանցվել: «Դա պայքարն է ծովահենության, ահաբեկչության դեմ, անվտանգությունն Աֆղանստանում ու հարակից տարածաշրջանում: Դադարեցվել է օդային տարածքում գործակցության նախաձեռնությունը, որի շրջանակում ձևավորվել էին օդային ահաբեկչությանն արձագանքելու մեխանիզմներ»:

Ռուսաստանը խիստ բացասաբար է տրամադրված ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրույան հանդեպ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հակաարդյունավետ է համարում արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու Ուկրաինայի մտադրությունը: «Դա հակաարդյունավետ Է և միայն սրում Է առճակատումը, պատրանք ստեղծելով, որ նման օրենքներ ընդունելով կարելի Է կարգավորել Ուկրաինայի խորը ներպետական ճգնաժամը»,-հայտարարեց Լավրովը:

Որոշմանը արձագանքեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` նշելով, որ այն խիստ բացասական հետևանքներ կունենա և Ռուսատանը ստիպված կլինի արձագանքելու: Մինչդեռ ՆԱՏՕ-ն չի շտապում «գրկաբաց» ընդունել Ուկրաինային: Դեկտեմբերի 23-ին դաշինքի գլխավոր քարտուղար Յեն Սթոլտենբերգը հայտարարեց, որ Ուկրաինան պետք է ավարտի բարեփոխումները ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ: «Մինչ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը ուկրաինացիները պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնեն, կազմակերպեն կոռուպցիայի դեմ պայքարը, պետապարատ ստեղծեն »,-ասել է գլխավոր քարտուղարը: Ըստ նրա, դաշինքը մտադիր չէ նախաձեռնող լինել այս հարցում: Բացի այդ, պարզաբանել է նա, Ուկրաինան դաշինքին անդամակցելու համար պետք է լուծի տարածքային խնդիրները, ինչը պարտադիր պայման է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:>

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները դեռ 2014-ի ապրիլի 1-ին որոշեցին կասեցնել քաղաքացիական և ռազմական գործակցությունը Ռուսաստանի հետ՝ պահպանելով միայն քաղաքական երկխոսությունը: Սեպտեմբերին Նյուպորտում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները համոզվածություն հայտնեցին, որ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---