«Նորմանդական քառյակի» բանակցություններն ավարտվել են. Պուտինը դուրս է եկել լրագրողների մոտ (թարմացված)

«Նորմանդական քառյակի» բանակցություններն ավարտվել են. Պուտինը դուրս է եկել լրագրողների մոտ (թարմացված)

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «նորմանդական քառյակի» գրեթե 16-ժամյա բանակցություններից հետո դուրս է եկել լրագրողների մոտ: «Մեզ հաջողվել է պայմանավորվել գլխավորի մասին»,-հայտարարել է նա:

ՌԴ, ԳԴՀ, Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները բանակցել են ուկրաինական կարգավորման ուղիների շուրջ ամբողջ գիշեր: Վերջին ժամերին նրանց միացավ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շփման խմբում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալիավինին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մոսկվայի ժամանակով 12:08-ին «նորմանդական քառյակը» պայմանավորվեց փետրվարի 15-ի 00:00 ժամից հրադադրի մասին, հայտարարեց ՌԴ նախագահը: Պուտինը հայտարարեց նաև, որ շփման խումբը Մինսկի բանակցությունների ավարտին ստորագրել է «նորմանդական քառյակի» նախապատրաստած փաստաթուղթը:

«Մի փաստաթուղթը ստորագրվել է, այն կոչվում է «Մինսկի պայմանավորվածությունների իմպլեմենտացիային ուղղված միջոցների մասին», երկրորդը՝ նախագահների հայտարարությունը, որ մենք սատարում ենք այդ գործընթացին, չի ստորագրվել»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

«Նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունները Մինսկում ինտենսիվ են եղել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մի քանի անգամ հեռացել են բանակցությունների սենյակից մի քանի րոպեով:

Առաջնորդները հսկայական առաջընթացի են հասել բանակցություններում, փաստաթուղթը, որը նախատեսվում է ստորագրել հանդիպման ավարտին, համաձայնեցված է գրեթե 80 տոկոսով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը բանակցային գործընթացին մոտ սեփական աղբյուրի վրա հղումով:

«Համաձայնեցված է փաստաթղթի դրույթների 80 տոկոսը: Այն բաղկացած է 10 կետից: Երբ «նորմանդական քառյակի» առաջնորդներն այն ստորագրեն, փաստաթուղթը կփոխանցվի հաստատման շփման խմբին: Հսկայական առաջընթաց է գրանցվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հանդիպումը սկսվել է նախօրեին Մոսկվայի ժամանակով 20:15-ին: Երկու ժամ անց մասնակիցները դուրս են եկել լուսանկարվելու, իսկ հետո շարունակել են բանակցություններն ընդլայնված ձևաչափով: Որոշ ժամանակ անց պետությունների ղեկավարները կրկին բանակցել են նեղ շրջանակով:

Կողմերն ի թիվս այլ հարցերի քննարկում են նաև Դոնբասում ընթացող մարտական գործողությունների շրջանում ապառազմականացված գոտու ստեղծման հարցը:

Մինչդեռ մարտական գործողություններն Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվում են:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

Փետրվարի 5-ին Կիևում տեղի ունեցան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանակցությունները ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այնտեղից Մերկելն ու Օլանդը մեկնեցին Մոսկվա, որտեղ քննարկեցին ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու դեպքում էլ բանակցություններն անցել են մամուլի համար փակ դռների հետևում, իսկ հանդիպման ավարտին մասնակիցները հայտարարություններ չեն արել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---