Ուկրաինան առաջարկում է Դոնբասում խաղաղապահ ուժեր տեղակայել

Ուկրաինան առաջարկում է Դոնբասում խաղաղապահ ուժեր տեղակայել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) փետրվարի 19-ի նիստում հավանություն է տվել Դոնբասի հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրանքով ՄԱԿ և ԵՄ-ին հասցեագրված դիմումին: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը: «Որոշում է ընդունվել ՄԱԿ և ԵՄ դիմելու վերաբերյալ՝ Ուկրաինայում խաղաղության և անվտանգության ապահովման գործողություն ծավալելու առաջարկով»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը ուկրաինական աղբյուրների վրա հղումով:

Տուրչինովը նշել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն պատրաստել է համապատասխան դիմումը և հույս է հայտնել, որ Գերագույն ռադան հավանություն կտա:

Նա նշել է, որ խաղաղապահների տեղակայումը թույլ կտա գրանցել և տեղայնացնել հրադադարի ռեժիմի խախտումները:

Բացի այդ, ինչպես հայտնել է ՈւՆՆ գործակալությունը, Ուկրաինայի ԱԱՊԽ-ն հավանություն է տվել նախագահ Պորոշենկոյի առաջարկած փոփոխություններին ռազմական դրության մասին օրենքում:

Տուրչինովը նշել է, որ ռազմական դրության մասին գործող օրենքը «ընդունվել է տարիներ առաջ և փոփոխությունների կարիք ունի»:

Ըստ ԱԱՊԽ քարտուղարի, հաստատվել է 2015-ին բազմաֆունկցիոնալ զորավարժությունների անցկացման պլանը: Ինչպես նշել է Տուրչինովը, նախատեսվում է, որ զորավարժություններին կմասնակցեն «ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու Ուկրաինայի ռազմավարական գործընկերները»:

Նախօրեին, բացելով ԱԱՊԽ նիստը, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն առաջարկեց ԱԽ-ին քննարկել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը: «Մենք քննարկելու ենք խաղաղապահ առաքելություն Ուկրաինա հրավիրելու հարցը, որը կգործի ՄԱԿ մանդատով: Մենք ուսումնասիրել ենք հարցը և տեսնում ենք, որ լավագույն ձևաչափը կարող է լինել Եվրամիության ոստիկանական առաքելությունը: Վստահ եմ, որ այն կլինի խաղաղության ամենաարդյունավետ երաշխավորը»,-ասել է նա:

Պորոշենկոն հավելել է, որ Մինսկի բանակցություններում «նախնական քննարկել է այդ հարցը Ֆրանսիայի նախագահի, ԳԴՀ կանցլերի ու ՌԴ նախագահի հետ»:

Մինչդեռ ԵՄ պաշտպանության նախարարները Ռիգայում կայացած հանդիպմանը Ուկրաինայի համար ոստիկանական առաքելության հարցը չեն քննարկել: Այդ մասին հայտարարել է ԵՄ ԱԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Մացեյ Պոպովսկին Ռիգայում Եվրամիության պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ԵՄ-ն պետք է կոնկրետ առաջարկ ստանա Ուկրաինայից խաղաղապահ առաքելության մասին՝ լրջորեն այն քննարկելուց առաջ:

Օրերս «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները հեռախոսազրույցներում համակարծիք են եղել այն հարցում, որ հրադադարն Ուկրաինայի արևելքում հիմնականում պահպանվում է: Ըստ նախնական պայմանավորվածության, չորս պետւթյունների ղեկավարները շարունակում են քննարկել Խաղաղ կարգավորմանն ուղղված համալիր միջոցների իրականացմանն առնչվող հարցեր: «Հատուկ շեշտադրվել է հակամարտ ուժերի կողմից հրադադարի անխախտ պահպանումն ու ծանր սպառազինությունը հետ քաշելու պայմանավորվածությունը»,-հայտնեց Կրեմլի մամուլի ծառայությունը:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---