Պուտինը պարզաբանել է, թե ինչու է որոշել Ղրիմը միացնել ՌԴ-ին

Պուտինը պարզաբանել է, թե ինչու է որոշել Ղրիմը միացնել ՌԴ-ին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքին «Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմի համար տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշեց միացնել Ղրիմը Ռուսաստանին, որովհետև չէր կարելի այդ տարածքն ու այդ մարդկանց «գցել ազգայնականների հարվածի տակ»:

Ըստ Պուտինի, վերջնական նպատակը ոչ թե «Ղրիմի գրավումն էր կամ բռնկացումը», այլ այն, որ մարդիկ հնարավորություն ունենան հայտնել իրենց կարծիքը: «Մտածում էի, որ եթե մարդիկ այդպես ցանկանան, նշանակում է, այդպես էլ պետք է լինի: Ուստի, եթե նրանք այնտեղ մնան ավելի մեծ ինքնավարությամբ, ինչ-ինչ իրավունքներով, բայց Ուկրաինայի կազմում, ուրեմն այդպես էլ կլինի: Բայց եթե չեն ցանկանա, մենք նրանց չենք լքի»,-ասել է նա:

Պուտինը պատմել է, որ 2014-ի փետրվարի լույս 23-ի գիշերը Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: «Եվ, արդեն հրաժեշտ տալուց, երբ իմ գործընկերներն արդեն գնում էին, իսկ նրանք չորսն էին, ես ասացի, որ իրադարձություններն այնպես զարգացան, որ մենք ստիպված ենք սկսել Ղրիմը ՌԴ կազմ վերադարձնելու գործընթացը: Ուստի մենք չենք կարող լքել այդ տարածքն ու մարդկանց, որոնք այնտեղ են ապրում, ճակատագրի քմահաճույքին, դնելով ազգայնամոլների հարվածի տակ»,-ասել է ՌԴ նախագահը:

Ըստ նրա, արդեն այն ժամանակ նա «որոշակի խնդիրներ էր դրել»: Մասնավորապես, նա հանձնարարել է փակ հարցում անցկացնել Ղրիմում, որի արդյունքում պարզվեց, որ «Ռուսաստանին միանալու ցանկություն ունեցողներն այնտեղ ընդհանուր բնակչության 75 տոկոսն են կազմում»: Պուտինն ասել է, որ իր համար ակնհայտ էր, որ Ռուսաստանին միանալու կողմնակիցների քանակը կավելանա, եթե Մոսկվան «մոտենա դրան»:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---