Ադրբեջանի տնտեսագետները մտահոգված են Եվրոպական խաղերից հետո երկրի ապագայով

Ադրբեջանի տնտեսագետները մտահոգված են Եվրոպական խաղերից հետո երկրի ապագայով

PanARMENIAN.Net - Մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանի տնտեսությունը կարող է մեծ հարված ստանալ Եվրոպական խաղերից հետո, ինչպես ժամանակին խաթարվեց տնտեսական իրավիճակը Հունաստանում Օլիմպիական խաղերի ավարտին, գրում է Panorama.am-ը:

Ապագայում Ադրբեջանում գնալով ավելի շատ կզգացվեն չարդարացված ծախսերը: Ըստ կանխատեսումների, Եվրոպական խաղերից սպասվող շահույթը չի գերազանցի 100 մլն դոլարը, ինչը ծախսածից շատ ավելի քիչ է, հայտարարել է տնտեսագետ, ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլին «Մինվալ.ազին»-ին տված հարցազրույցում:

Ինչպես ասվում է նյութում, փորձագետն անդրադարձել է ադրբեջանական մանաթի կտրուկ անկմանը: Ըստ նրա, ազգային արժույթի այդքան կտրուկ անկման պատճառը նաև այն էր, որ Կենտրոնական բանկը վերջապես հասկացավ, որ մանաթի արհեստական փոխարժեքի պահպանումը թույլ չի տա մինչև տարեվերջ պահպանել երկրի արժութային պաշարները: ԿԲ երկրորդ քայլը իր մասնակցությունը երկրի արժույթի շուկայում նվազագույնի հասցնելն էր, այսինքն ԿԲ-ն մտադիր չէ առնվազն մինչև տարեվերջ զբաղվել բանկային արժութային գործարքների վերահսկողությամբ, որոնք նախկինում համաձայնեցվում էին այդ կառույցի հետ: Հիմա բանկերը ստիպված կլինեն միայնակ լուծել իրենց խնդիրները:

Ըստ փորձագետի, այժմ ադրբեջանական բանկերը պարտքեր են կուտակել արտարժույթով, նախկինում Ադրբեջանի ԿԲ-ն վերահսկում էր, օգնում էր բանկերին, իսկ հիմա չի ցանկանում այլևս մասնակցել դրան: Նա կարծում է, որ այդ քայլը կհանգեցնի նրան, որ ադրբեջանական բանկերն արտարժույթի սուր կարիք կունենան արտերկրում վարկերի մարման համար: Եթե բանկերն ակտիվորեն սկսեն արտարժույթ գնել շուկայում, դա կհանգեցնի ադրբեջանական մանաթի հետագա արժեզրկման: Եթե մինչև տարեվերջ որոշում չկայացվի, ապա չվերադարձված վարկերի քանակն Ադրբեջանում կկազմի մոտ 2 մլրդ մանաթ: Բանկային հատվածը երկրում ուղղակի չի դիմանա:

«Կենտրոնական բանկի գործողություններն անհնար է կանխագուշակել, տրամաբանությունն այստես բացակայում է: Հաշվի առնելով, որ մեր բանկերը հարևան երկրների բանկային համակարգերի համեմատ այնքան էլ ուժեղ չեն, Ադրբեջանում կարող է բանկային կոլապս տեղի ունենալ»,-վստահեցրել է տնտեսագետը՝ հավելելով, որ տնտեսության ադրբեջանական մոդելը շատ պարզունակ է, քանի որ երկրի կառավարությունը վերջին տարիներին նավթային բումի պայմաններում չկարողացավ դիվերսիֆիկացնել տնտեսությունը, ստեղծել երկրի արտահանման զարգացման կայուն մոդել:

Ինչպես ասվում է նյութում, ըստ Ջաֆարլիի, հաշվի առնելով, որ Ադրբեջանից արտահանման 95 տոկոսը կազմում են նավթը, նավթամթերքն ու գազը, երկրի տնտեսությունը ունակ չէ պայքարելու աշխարհում ստեղծված իրավիճակի մարտահրավերներին:

«Մեր հանդեպ ոչ ոք պատժամիջոցներ չի կիրառել, հարևան երկրների հետ առևտուր անելու հնարավորություն կա, սակայն, ցավոք, մենք նավթից բացի ուրիշ բան չունենք վաճառելու: Այս պրիմիտիվ տնտեսական մոդելի հետևանքով Ադրբեջանն ավելի խոցելի է դառնում ազգային արժույթի արժեզրկման պայմաններում»,-պնդում է տնտեսագետը: Ըստ Ջաֆարլիի, մեծ հավանականություն կա, որ նավթի գինը կնվազի մեկ բարելի դիմաց 50 դոլարից, սակայն ադրբեջանական տնտեսությանը կարող է օգնել միայն 100 դոլարը գերազանցող գինը մեկ բարելի համար, իսկ առաջիկա տարիներն դա չի լինի:

Ինչպես ասվում է հոդվածում, փորձագետին երբեմն թվում է, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն տարրական հակաճգնաժամային, մտածված ծրագիր, որը կարող էին առաջարկել հանրությանն ու գործարարներին: Ըստ նրա, հիմա Ադրբեջանում նկատելի է գործարար կառույցների վարչական պատիժը, որոնք ուղղակի ստիպված են բարձրացնել ապրանքների գները մանաթի արժեզրկման պայմաններում: Ըստ տնտեսագետի, Ադրբեջանը կզիջի իր դիրքեը ռուսական շուկայում:

«Դա կապված է ինչպես Ռուսաստանի անբարենպաստ իրավիճակի հետ, այնպես էլ ներքին՝ մաքսատան, գյուղատնտեսության վարկավորման, մթերքի պահպանման խնդիրների հետ»,-ասել է տնտեսագետը՝ հավելելով, որ Ռուսաստան Լատինական Ամերիկայից ներկրված ապրանքներն ավելի էժան են, քան Ադրբեջանից ստացվողները: Ադրբեջանցիները նույնիսկ գնի հարցում չեն կարող մրցակցել այն ապրանքների հետ, որոնք Ռուսաստան են ներկրվում արտերկրից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---