Գերմանիայի ԱԳ նախարարը միասնության կոչ է անում Եվրոպային և ԱՄՆ-ին

Գերմանիայի ԱԳ նախարարը միասնության կոչ է անում Եվրոպային և ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն պետք է միասնական լինեն ծանր ժամանակներում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա նման հայտարարություն է արել Անգելա Մերկելի և Բարաք Օբամայի համատեղ զրույցից հետո, որի արդյունքում որոշվեց, որ ԱՄՆ-ն կհետաձգի մահաբեր զենքի առաքումն Ուկրաինա:

«Մենք ուժեղ ենք այն ժամանակ, երբ պահպանում ենք անդրատլանտյան կապերը, երբ Եվրոպան ու ԱՄՆ-ն միասին են գործում, երբ Բեռլինն ու Վաշինգտոնը համերաշխ են աշխատում»,-ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը «Ռոյթերս» գործակալությանը Վաշինգտոն մեկնելուց առաջ:

Ըստ Շտայնմայերի, այս դժվարին ժամանակներում, երբ աշխարհում աճում է «համաշխարհային անկարգությունը», համագործակցության հարցում պետք է շահագրգիռ լինեն բոլոր կողմերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշեց հետաձգել մահաբեր պաշտպանական զենքի առաքումն Ուկրաինա Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո, հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցում Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտտիգը:

Պետության ղեկավարը նման որոշում է ընդունել, չնայած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների ճնշմանը, ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների: AP զրուցակիցը նշել է, որ ԱՄՆ ու Գերմանիայի առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել փետրվարին:

Ըստ Վիտտիգի, այն ժամանակ Օբաման որոշեց հետաձգել զենքի առաքումները Կիև, համաձայնվելով ԳԴՀ կանցլերի այն փաստարկների հետ, որ անհրաժեշտ է «որոշակի տարածություն թողնել այն դիվանագիտական ու քաղաքական ջանքերի համար, որոնք արդեն իրականացման փուլում են»:

«Երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել այդ հացի շուրջ և համաձայնվել են չշտապել մահաբեր զենքի առաքման հարցում»,-մեջբերում է գործակալությունը Վիտտիգի խոսքը:

Փետրվարի 12-ին «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Փետրվարին մի խումբ կոնգրեսականներ օրինագիծ ներկայացրեցին Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին, որով նախատեսվում է մինչև 2017 թ. 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն, զենք ու տեխնիկա տրամադրել: Խոսքը ուսումնական սպառազինության, պաշտպանական մահաբեր զենքի, լոգիստիկ աջակցության, ապահովման միջոցների, ինչպես նաև հակատանկային համակարգերի ու ռադարների մասին է:

Մարտի 7-ին ԱՄՆ-ն հետաձգեց ուկրաինացի զինծառայողների վարժեցման համար ռազմական մասնագետների գործուղումն Ուկրաինա, քանի որ «սպասում է, որ Մինսկի պայմանավորվածությունները կկատարվեն»: Ուսուցողական առաքելությունը, որի մասին Պենտագոնը հայտարարեց նախորդ տարվա օգոստոսին, պետք է սկսվեր մարտին: Նախատեսվում էր, որ ամերիկացի զինվորների գումարտակն այնտեղ կվարժեցնի «պաշտպանվել ռուսների ու աշխարհազորայինների հրետանուց» Ուկրաինայի Ազգային գվարդիայի երեք գումարտակների զինվորներին:

Ընթերցեք ավելին. Մերկելի հետ հանդիպումից հետո Օբաման հետաձգել է զենքի առաքումն Ուկրաինա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---