ԵԽԽՎ ադրբեջանամետ զեկուցողը Բաքվում է. Նրան ընդունել են Ալիևը և Մամեդյարովը

ԵԽԽՎ ադրբեջանամետ զեկուցողը Բաքվում է. Նրան ընդունել են Ալիևը և Մամեդյարովը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը փաստահավաք առաքելությամբ Ադրբեջանում է։ Այսօր՝ մարտի 14-ին, նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ APA-ին հղումով:

Հանդիպման ընթացում երկուստեք մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, բանակցությունների ներկայիս գործընթացի, ինչպես նաև հեռանկարների շուրջ։ Երեկ Ուոլթերը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում, նաև այցելել է «Ղարաբաղից հարակդիր տեղահանվածների» նոր բնակության վայր։

Զեկուցողի այցելությունների, հանդիպումների մասին ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի շատ հաղորդում են ադրբեջանցի պաշտոնյանների ասածները, քան՝ զեկուցողի խոսքերը։ Ամեն դեպքում, թեկուզ համառոտ մեջբերումներով, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդարանում կայացած հանդիպումներում Ռոբերտ Ուոլթերը նշել է, որ ԵԽԽՎ-ն իրեն հանձնարարել է Ղարաբաղի հակամարտության հարցով զեկույց պատրաստել, ինչն առաջացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության դժգոհությունը։ Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է որպեսզի զեկույցը պատրաստի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ուոլթերը նաև ասել է, որ հակամարտությունը հարկ է կարգավորել՝ ելնելով միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից։ Իսկ փախստականների հետ հանդիպմանը, ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները ափսոսանքով նշել են, որ «հարկադիր տեղահանվածների» խնդիրները դեռ մնում են չլուծված, և որ իրենց համար կարևոր էր ծանոթանալ փախստականների կյանքի պայմաններին՝ նշելով, որ հակամարտության շուտափույթ կարգավորումը փախստականներին հնարավորություն կտա վերադառնալ իրենց տներ։

Զեկույցը, որի համար փաստեր է հավաքում Ռոբերտ Ուոլթերը, վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, թե բոյկոտում է զեկույցի պատրաստման գործընթացը։ Ղարաբաղի վերաբերյալ զեկույց պատրաստելու հարցը ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկել է անցյալ տարի աշնանը՝ քվեարկությամբ զեկուցող նշանակելով բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուլթերին։

Նախկինում ևս Ղարաբաղի և «գրավյալ տարածքներ»-ի իրավիճակի մասին ԵԽԽՎ-ում զեկույցներ են պատրաստվել։ Տարբեր տարիներին զեկուցողներ են եղել Դևիդ Աթկինսոնը, Գորան Լենմարկերը, Թերի Դևիսը, բայց ոչ մի զեկույցի վերնագրում չկա «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» ձևակռրպումը։ Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն, որը քննարկեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման հարցը, խնդրով զեկուցող նշանակեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով ԵԽԽՎ-ում հայտնի է որպես Ալիևի պաշտպան: 2013-ին տեղի ունեցած ադրբեջանական նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր հենց Ուոլթերը։ ԵԽԽՎ «դիտորդները» խանի վերընտրությունը գնահատեցին «ազատ, անկախ և թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որն այն որակել էր, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---