Էրդողանն ակնկալում է, որ Չանաքքալեի միջոցառմանը մոտ 50 երկիր կմասնակցի

Էրդողանն ակնկալում է, որ Չանաքքալեի միջոցառմանը մոտ 50 երկիր կմասնակցի

PanARMENIAN.Net - Ակնկալվում է, որ 50 երկիր կմասնակցի Չանաքքալեի (Գալիպոլի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք միջոցառումներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հրավերներին ի պատասխան ստացված հավաստիացումները վկայում են, որ միջոցառումներում 50 ազգ ներկայացված կլինի»,-ասել է նա, գրում է թուրքական Cihan-ը:

Ըստ Էրդողանի, միջոցառումներին կմասնակցեն նաև Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, որոնց զինված ուժերը պատերազմել են Օսմանյան կայսրության դեմ Առաջին աշխարհամարտի տարիներին:

Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների-100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին:

Նախագահ Սերժ Սարգսյանն` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: Թուրքիայում գործող հինգ հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը, այլ փոխարենը գալ Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու: Դրանց թվում է Ընդդեմ ռասիզմի և խտրականության մարդու իրավունքների ասոցիացիան, Իզմիրի ասորական ընկերակցությունը, «Նոր զարթոնք» ՀԿ-ն, ZAN հիմնադրամն ու Suryaniler.com մշակութային հարթակը, հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

«Ապրիլի 24-ը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության սկիզբը: Ինչքան մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, այնքան մենք՝ ցեղասպանության ժխտման դեմ պայքարողներս, բողոքում ենք մեր նախագահի հրավերի դեմ և աշխարհի նախագահներին կոչ անում այցելել Երևան՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու»,- ասել է Մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Մերալ Չիլդիրը:

«Թուրքիայի հանրապետությունը հիմնած մտածողությունը և 1915-ին հայերի և ասորիների դեմ ցեղասպանությունն իրականացրած մտածողությունը նույնն են: Մեզ համար 2015-ի ապրիլի 24-ը կարևոր օր է: Մենք ուզում ենք առերեսվել մեր պատմության հետ: Ուզում ենք, որ մեզ սխալ սովորեցնելու և մեր երեխաներին սխալ դաստիարակելու պատճառ դարձած հասկացությունը ճշտվի: Գիտենք, որ 1915-ի ցեղասպանությունը դեռևս որոշ երկրներում ազատորեն չի քննարկվում, բայց մենք ընդամենը մի փոքր խիղճ ենք խնդրում: Այս հրավերը ծաղրում է Հայոց ցեղասպանության զոհերին: Գնացե՛ք Երևան, որտեղ իրական ցավն է»,- ասել է Ընդդեմ ռասիզմի և խտրականության մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Էրեն Կեսկինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---