ՀՀ օրհներգի ժամանակ անհարգալից վարք դրսևորած ադրբեջանցի սամբիստին կարող են զրկել մեդալից

ՀՀ օրհներգի ժամանակ անհարգալից վարք դրսևորած ադրբեջանցի սամբիստին կարող են զրկել մեդալից

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի առաջնության 62 կգ քաշային կարգում մրցանակների հանձնման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի հնչելու ժամանակ ցուցադրաբար անհարգալից վարք դրսևորելու հետևանքով ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբբասովը կարող է զրկվել մեդալից: Նա երրորդն էր, իսկ չեմպիոնը Հայաստանը ներկայացնող արցախցի Աշոտ Դանիելյանն է:

Սամբոյի համառուսական և եվրոպական ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևի համոզմամբ, նման քայլի համար սամբիստին անհրաժեշտ է որակազրկել, գրում է Sambo.ru-ն:

«Ես դատապարտում եմ այդ արարքը և անթույլատրելի եմ համարում մարզիկի համար: Առավել ևս, որ նա Ադրբեջանի ազգային հավաքականի անդամ է և ներկայացնում է իր երկիրն աշխարհի գավաթի պաշտոնական մրցաշարում: Դա մարզիկին վայել պահվածք չէ: Այդպիսի մարզիկն արժանի չէ լինել աշխարհի գավաթի մրցանակակիր: Կարծում եմ, որ մրցումների կանոնների և էթիկայի նման խախտումներ թույլ տված մարզիկը չպետք է շարունակի մասնակցությունը մրցումներին և պետք է զրկվի մեդալից: Միջազգային մրցաշարերին մարզիկի հետագա մասնակցության մասին որոշումը պետք է կայացնի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն»,- ասել է Ելիսեևը:

Ավելի վաղը Ադրբեջանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Յաղուբ Աբդուլաևն ադրբեջանականան լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ մարզիկն այդ պահին իրեն պարզապես վատ է զգացել: Բախտիյար Աբբասովը, սակայն հայտնել է, որ անհարգալից վարքը միտումնավոր էր՝ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չի ունեցել, պարզապես չի ցանկացել հարգել ՀՀ օրհներգը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---