Նոր համակարգն ինքնուրույն կահազանգի փրկարարներին լուրջ ՃՏՊ դեպքում

Նոր համակարգն ինքնուրույն կահազանգի փրկարարներին լուրջ ՃՏՊ դեպքում

PanARMENIAN.Net - Անցյալ տարի Հայաստանում գրանցվել է 3156 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 297 մարդ է զոհվել: Լուրջ ՃՏՊ-ների դեպքում կարևոր գործոն է լինում ժամանակը` ահազանգի ուշացումը, փրկարարների ուշացումը ճանապարհների խցանումների պատճառով և այլ հանգամանքներ կարող են կյանքի հարց լինել շատերի համար: Հայաստանում խնդիրը լուծվում է ճանապարհային երթևեկության խիստ կանոնակարգմամբ ու լուրջ պատահարների կանխարգելմամբ: Եվրոպայում, որտեղ 2014-ին ճանապարհներին զոհվել է մոտ 26 հազար մարդ, խնդրին այլ լուծում են տալիս:

Եվրախորհրդարանը քվեարկել է Եվրամիության ճանապարհներով երթևեկող յուրաքանչյուր քաղաքացիական ավտոմեքենա և թեթև բեռնատար հատուկ ավտոմատ վթարային համակարգով հագեցնելու օգտին: Համակարգն ինքնուրույն կահազանգի փրկարար ծառայություններին լուրջ ՃՏՊ դեպքում: Համակարգը կոչվում է eCall, այն հանրային և անվճար ծառայություն է բոլոր բնակիչների համար, անկախ տրանսպորտային միջոցի մակնիշից և արժեքից: Այս համակարգի ներդրումը պարտադիր կդառնա բոլոր նոր տրանսպորտային միջոցների համար, որոնք կթողարկվեն 2018 թ. մարտի 31-ից հետո:

Առկա տեսքով eCall համակարգը թույլ չի տալիս իշխանություններին որևէ կերպ գաղտնի հետևել ավտոմեքենային: Այն ակտիվանում է միայն լուրջ ճանապարհային պատահարի դեպքում և պատկան մարմիններին է ներկայացնում միայն հիմնական տեղեկատվությունը` տրանսպորտային միջոցի տեսակը, ՃՏՊ վայրը, ուղևորների քանակը, ինչպես նաև ՃՏՊ ծանրության աստիճանը, օրինակ, շրջված է մեքենան թե ոչ: Տեղեկատվությունը փոխանցվում է միայն լուրջ պատահարի ժամանակ, երբ գործում են անվտանգության բարձիկները, որից հետո տվյալների ստանդարտ ցանկը ուղարկվում է փրկարար ծառայությունների կայաններ:

eCall համակարգը կոչված է կրճատելու փրկարար բրիգադներին սպասելու ժամանակը մոտ 40 տոկոսով քաղաքի տարածքում և մոտ երկու անգամ գյուղական տարածքում: Ըստ Եվրահանձնաժողովի կանխատեսումների, սարքը թույլ կտա 10 տոկսով կրճատել մահացության մակարդակը ՃՏՊ ժամանակ, իսկ դա մոտ 2500 մարդու կյանք է: Ընդ որում նման սարքով հագեցած ավտոմեքենայի ընդհանուր արժեքը կավելանա ընդամենը մոտ 100 դոլարով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---