Գիտնականներ. 8 տարուց ինտերնետ-միացման արագությունն առավելագույն սահմանին կհասնի

Գիտնականներ. 8 տարուց ինտերնետ-միացման արագությունն առավելագույն սահմանին կհասնի

PanARMENIAN.Net - Միայն վերջին տասնամյակում տեխնոլոգիական զարգացման արդյունքում ինտերնետ-միացման արագությունն ավելացել է 50 անգամ` 2005 թ. վայրկյանում առավելագույն 2 Մբիտ մինչև այսօրվա վայրկյանում 100 Մբիտ արագությունը: Սակայն արագացումը չի կարող հավերժ լինել: Ավելին, ցանցերի զարգացման արագությունը, դրանց թողունակության և ծավալների ավելացումը ավելի դանդաղ է ընթանում, քան բարձր արագության ինտերնետի պահանջարկի աճը: Ինժեներներին դեռևս հաջողվում է գերազանցել պահանջարկը, սակայն Լոնդոնի Թագավորական ընկերակցության և Աստոնի համալսարանի գիտնականները վստահ են, որ այդպես կարող է շարունակվել առավելագույնը 8 տարի:

21-րդ դարի երկրորդ տասնամյակը ինտերնետ-հեռուստատեսության բումի, հոսքային և ամպային ծառայությունների դարաշրջան է, որոնք վերջին տարիներին լայնորեն տարածվել են նաև Հայաստանում: Օպերատորներն արդեն առաջարկում են չորրորդ սերնդի գերարագ կապ, սարերի ետևում չեն նաև 5-րդի գիգաբիտային արագությունները: Սակայն պահանջարկը վայրկյանական արձագանքում է նոր առաջարկին` որքան մեծ է միացման արագությունն, այնքան շատ ծառայություններից ենք մենք օգտվում: Այս ամենը լրջորեն ազդում է տվյալների փոխանցման ծավալների վրա և արդեն երրորդ տասնամյակի սկզբում կաբելներն ու մալուխները, որ օգտագործվում են ինտերնետի հասանելիության ապահովման համար, կհասնեն իրենց հնարավորությունների սահմանին:

Երբ ժամանակակից տեխնոլոգիաները հասնեն եզրագծին, օպտիկամանրաթելային կաբելներն ուղղակի ի վիճակի չեն լինի ավելի շատ թրաֆիկ ապահովել: Այժմ փոխանցվող տեղեկատվությունը սկզբից վերափոխվում է օպտիկական դիապազոնի (լույս), փոխանցվում է օպտիկական մալուխով, որից հետո կրկին փոխակերպվում է տեղեկատվության` հարցման վայրում: Սակայն գործող օպտիկան արդեն հասել է իր հնարավորությունների գագաթնակետին, այն չի կարող ավելի շատ լույս` նշանակում է`ավելի շատ տեղեկատվություն փոխանցել: Կարելի է, իհարկե, լրացուցիչ գծեր անցկացնել, կիսելով տեղեկատվության հոսքերը, սակայն դա կհանգեցնի ծառայությունների գների համարժեք աճի:

Աճում է նաև բոլոր ենթակառուցվածքների գործունեության համար անհրաժեշտ էներգիայի քանակը` արդեն 2035 թվականին ինտերնետի էլեկտրասնուցման համար հարկ կլինի այնքան էլեկտրաէներգիա, որն այսօր սպառում է ամբողջ Մեծ Բրիտանիան: Գիտնականները տարբերակներ են որոնում` ինչպես բավարարել աճող պահանջարկը: Առաջատար ինժեներները, ֆիզիկոսներն ու հեռահաղորդակցային ընկերությունների ներկայացուցիչները կհավաքվեն Լոնդոնի Թագավորական ընկերակցությունում մայիսի վերջին` քննարկելու համար, թե ինչպես կարելի է կանխել համացանցի ճգնաժամը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---