Բաքվի դատարանը լրագրող Իսմայիլովայի կալանքի ժամկետը երկարաձգել է 3 ամսով

Բաքվի դատարանը լրագրող  Իսմայիլովայի կալանքի ժամկետը երկարաձգել է 3 ամսով

PanARMENIAN.Net - Բաքվի դատարանում քննվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումը լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է դիմումն ու կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով՝ մինչև օգոստոսի 24-ը:

Դատախազությունը պնդում է, որ ազատության մեջ Իսմայիլովան կարող է ազդել քննության վրա կամ թաքնվել: Բացի այդ, քննիչները հայտարարում են որ լրացուցիչ փորձաքննություն է անհրաժեշտ, contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Լրագրողի փաստաբանը հայտարարել է դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին: Նա նաև միջնորդություն է ներկայացրել պաշտպանյալի խափանման միջոցը տնային կալանքի փոխելու վերաբերյալ, որը կքննարկվի մայիսի 15-ին:

Սա արդեն Իսմայիլովայի կալանքի ժամկետի երրորդ երկարաձգումն է: Նա ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:

Բազմաթիվ միջազգային կառույցներ Ադրբեջանին բազմիցս մեղադրել են լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների ու ակտիվիստների դեմ կեղծ գործեր հարուցելու և քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար: Բաքվի խաղերի թեմայով մայիսի 13-ին Եվրախորհրդարանում անցկացված միջոցառմանը Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են անում հունիսի 12-ին Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերին ընդառաջ ազատ արձակել բանտարկված իրավապաշտպաններին, լրագրողներին, ընդդիմության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, որոնք շատերի կարծիքով քաղբանտարկյալ են:

Ելույթ է ունեցել նաև Դիանա Յունուսը: Նրա ծնողները՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը և պատմաբան Արիֆ Յունուսը 2014 թվականից բանտարկված են: Յունուս ամուսինները Ադրբեջանի իրավապահների կողմից հետապնդվում են դեռևս այս տարվա ապրիլից, երբ Անկարայում ձերբակալվեց, ապա Ադրբեջանին արտահանձնվեց լրագրող Ռաուֆ Միրկադիրովը։ Ադրբեջանի Հատուկ ծառայությունները նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։ Յունուս ամուսինները նույնպես այդ գործով են անցնում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Լեյլա Յունուսը մեղադրվում է պետական դավաճանություն, խաբեբայություն, խուսափում հարկերի վճարումից, ապօրինի ձեռնարկատիրություն հոդվածներով, իսկ Արիֆ Յունուսը՝ խաբեբայություն և պետական դավաճանություն հոդվածներով։ Դիանա Յունուսը Եվրախորհրդարանում ասել է, որ իր մայրը տառապում է հեպատիտ C և դիաբետ հիվանդություններով, կալանավայրում 16 կիլոգրամով նիհարել է և դանդաղորեն կուրանում է, իսկ հոր ձերբակալությունից մինչև հիմա նրա մասին որևէ լուր չունի․ - «Օգոստոսի 5-ից ես ոչ մի լուր չունեմ հայրիկիցս, նա ասես կենդանի թաղված լինի»: Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ արևմտյան երկրների դիրքորոշումը Դիանա Յունուսը բնորոշել է որպես լուռ դիվանագիտություն, որը շատ քիչ է Ադրբեջանում իրավիճակը բարելավելու համար: «Ես չեմ տեսնում որևէ բարելավում, ես կորցնում եմ ծնողներիս կենդանի տեսնելու հույսը», - Եվրախորհրդարանում ասել է Դիանա Յունուսը՝ ընդգծելով․ «Ես միայն նրանց ազատ արձակելու կոչ չեմ անում՝ սա նրանց կյանքը փրկելո՛ւ կոչ է, նրանք արտերկրում բուժվելու, բժշկական օգնություն ստանալու կարիք ունեն»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---