Մահապատժից խուսափելու համար Մուրսին կարող է փոխել քաղաքացիությունը

Մահապատժից խուսափելու համար Մուրսին կարող է փոխել քաղաքացիությունը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին կարող է հրաժարվել Եգիպտոսի քաղաքացիությունից և երրորդ երկրի քաղաքացիություն ստանա, որպեսզի, ըստ Եգիպտոսի օրենսդրության, խուսափի մահապատժից, հայտնում է «Ալ Ալյամ ալ Յաում» ինտերնետ պորտալը:

Կահիրեի դատարանը մայիսի 16-ին նախնական որոշում կայացրեց նախկին նախագահ Մուրսիին և մյուս կասկածյալներին մահապատժի դատապարտելու վերաբերյալ: Ըստ Եգիպտոսում գործող կարգի, այն դատապարտյալների գործերը, որոնց մահապատիժ է սպառնում, փոխանցվել են երկրի գերագույն մուֆտիին իսլամական իրավունքի սկզբունքներին նրա համապատասխանությունը ստուգելու համար:

Ըստ առկա տեղեկատվության, «Մահմեդական եղբայրներ» շարժումն այժմ քննում է Եգիպտոսի քաղաքացիությունից Մուրսիի հրաժարվելու հնարավորությունը` մահապատժից խուսափելու համար: Այդ դեպքում պետության նախկին ղեկավարը կարող է արտաքսվել երկրից վերջերս Եգիպտոսում ընդունված օրենքի հիման վրա, որը նախատեսում է նման ընթացակարգ: Նման իրավիճակ եղավ օրերս շարժման ակտիվիստներից մեկի` Մուհամմեդ Սուլթանի դեպքում, որը ցմահ ազատազրկման է դատապարտված: Եգիպտոսի քաղաքացիությունից հրաժարվելուց հետո նա արտաքսվեց ԱՄՆ-ից, քանի որ ուներ այդ երկրի անձնագիրն ու ԱՄՆ իշխանությունները համաձայնվեցին ընդունել նրան:

Ըստ վերլուծաբանների, Մուրսիին բարդ կլինի ամերիկյան անձնագիր ստանալ, սակայն, ըստ որոշ տվյալների, նա միանգամայն կարող է հավակնել Թուրքիայի քաղաքացիությանը: Շարժման մասնակիցները մտավախություն ունեն, որ Եգիպտոսի ղեկավարությունը կխոչընդոտի իրադարձությունների նման զարգացումներին նույնիսկ Արևմուտքի կողմից ճնշման առկայության դեպքում: Բացի այդ, ի տարբերություն Սուլթանի, Մուրսիին մահապատիժ է սպառնում, ինչը ևս կարող է իր ճշգրտումները մտցնել իրավիճակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ, Կահիրեի քրեական դատարանը հունիսի 2-ին տեղափոխեց Մուհամեդ Մուրսիի դատավճռի հրապարակումը հունիսի 16-ին:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ:

Բանտից փախուստի մասին գործում խոսքը 2011 թ. իրադարձությունների մասին է` նրան մեղսակից են համարում Վադի ան Նատրում բանտում անկարգություններին, որտեղից նա փախավ 2011-ին մի խումբ կողմնակիցների հետ: Դատախազությունը պնդում է, որ ապացույցներ կան, որ փախուստն իրագործվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օգնությամբ: Այդ նույն շարժումը մեղսակից է ոստիկանության բաժանմունքների վրա հարձակումներին, բանտի գրոհին և հրկիզումներին 2011-ի հունվար-փետրվարին: Մուրսիից բացի գործով անցնում է ևս 130 մարդ, այդ թվում ՀԱՄԱՍ-ի 70 անդամ, սակայն նրանց մեծ մասն այլ երկրներում է գտնվում:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---