Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել

Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել նախարարների կաբինետի հրաժարականի մասին դիմումը, հայտնել է նախագահի աշխատակազմը:

«Թուրքիայի նախագահն ընդունել է նախարարների կաբինետի հրաժարականը, որը ներկայացրել էր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նախագահը, շնորհակալություն հայտնելով աշխատանքի համար, խնդրել է Դավութօղլուին կատարել վարչապետի պարտականությունները մինչ նոր կաբինետի ձևավորումը հունիսի 7-ին ընտրված խորհրդարանի կողմից»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Առաջին անգամ ընտրություններին մասնակցում էր նաև քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Վերջին 12 տարիներին իշխող դիրքը պահպանող Արդարության և զարգացման կուսակցությունը խորհրդարանում ստացել է 256 տեղ 550-ից: Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ: 10-տոկոսանոց արգելքը հաղթահարել է նրանցից 3-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1 տոկոս), Ազգայնական շարժման կուսակցությունը (16,4 տոկոս) և քրդամետ Ժողովրա-դեմոկրատական կուսակցությունը (12,8 տոկոս):

Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշն արդեն հայտարարել է, որ բացառում է կոալիցիա ստեղծելու հնարավորությունը ԱԶԿ հետ: Աջերի նախագահ Դեվլեթ Բախչելին չի բացառել կոալիցիայի հնարավորությունը, եթե քրդեր այնտեղ չլինեն: Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին և 78 տեղը խորհրդարանում համարում է մեծ հաղթնակ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին հայտարարեց կուսակցության նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն էր, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---