Բունդեսթագը բանաձև կընդունի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ` Եվրոպական խաղերին ընդառաջ

Բունդեսթագը բանաձև կընդունի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ` Եվրոպական խաղերին ընդառաջ

PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանը` Բունդեսթագը, մշակել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին առնչվող բանաձև`Բաքվում Եվրոպական խաղերի մեկնարկի կապակցությամբ:

Առաջին Եվրոպական խաղերը մեկնարկում են Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում:

Փաստաթուղթը նախապատրաստել են իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները` քրիստոնյա դեմոկրատները, քրիստոնյա սոցիալիստները, Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամները: Բանաձևը քննադատում է մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակն Ադրբեջանում: Գերմանացի պատգամավորները նշել են, որ նախորդ տարվանից Ադրբեջանի կառավարությունը լռեցրել է երկրի գրեթե բոլոր անկախ ու ընդդիմադիր ԶԼՄ-ներին: ARD գերմանական հեռուստացանցի թղթակցին թույլ չեն տվել հավատարմագրվել Ադրբեջանում, թեև նա դիմել էր մեկ ամիս առաջ:

«Այն, որ Գերմանիայի խորհրդարանը դատապարտում է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանում ստեղծված վիճակը և կոչ է անում երկրին հարգել մամուլի ազատությունը, կարևոր ազդանշան է»,-ասել է Քրիստիան Միրը, որը Գերմանիայի Թղթակիցներ առանց սահմանների կազմակերպության տնօրենն է, գրում է contact.az-ը:

Ադրբեջանի կառավարութունը պետք է օգտագործի այս իրադարձության հնարավորությունները օլիմպիական ոգով գործելու և մարդու իրավունքներն ու մամուլի ազատությունը հարգելու համար: Բոլոր կալանավորված լրագրողներին ազատ արձակելը լավ սկիզբ կլիներ, ասվում է փաստաթղթում:

Որպես քննադատական զեկույցների սիստեմատիկ ճնշման վերջին օրինակ նշվել է ARD հեռուստատեսության գերմանացի թղթակից Ֆլորիան Բաուերի հետ կապված դեպքը, որը սպորտային մեկնաբան է:

Ադրբեջանը թույլ չի տալիս կառավարությանը քննադատող լրագրողների մուտքը երկիր, «գոյություն ունի սև ցուցակ»:

Վերջին շաբաթներին ադրբեջանական իշխանությունները չեն հավատարմագրել և մուտքի արտոնագիր չեն տրամադրել առաջատար եվրոպական ԶԼՄ-ների առնվազն 3 լրագրողի: Բացի այդ, հունիսի 10-ին Բաքվի օդանավակայանում ձերբակալվել և վտարվել է երկրից Red Pepper հանդեսի խմբագիր, հասարակական ակտիվիստ և լրագրող Էմմա Հյուզը, որը հավատարմագրված էր խաղերը լուսաբանելու համար: Ավելի վաղ նա կոչ էր արել ազատ արձակել կառավարության ընդդիմախոսներին, իսկ իր գրքում քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը:

Մինչ Եվրոպական խաղերի մեկնարկը Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է մերժել այն լրագրողների հավատարմագրումը, որոնք գրել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության, անկախության ու ինքնիշանության դեմ» կամ «սուտ տեղեկատվություն են տարածել»:

2014-ից ի վեր իշխանությունները հետապնդել և ձերբակալել են առնվազն 35 լրագրողի, իրավապաշտպանի ու քաղաքական ակտիվիստի անհիմն մեղադրանքներով: Մյուսներին դա ստիպել է փախչել երկրից կամ անցնել ընդհատակ: Կառավարությունը նաև սառեցրել է տասնյակ անկախ ՈԿԿ-ների բանկային հաշիվները` անհնարին դարձնելով նրանց աշխատանքը մարդու իրավունքների ոլորտում:

«ԵՕԿ-ը ոչ միայն չի կատարել Օլիմպիական խարտիային սատարելու և օլիմպիական արժեքներին հավատարիմ լինելու պարտավորությունները, այլ նաև բաց է թողել ադրբեջանական ղեկավարության վրա ճնշում գործադրելու եզակի հնարավորությունը»,-ասել է Դենբերը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ Մարիետ Շաակեն կոչ արեց գործընկերներին ու Եվրոպայի քաղաքական գործիչներին բոյկոտել Եվրոպական խաղերն ու հրաժարվել մասնակցությունից այդ միջոցառմանը:

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ է արել ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ: Ավելի վաղ գերմանական Tagesspiegel թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու Կառավարության անդամները չեն մեկնի Բաքու՝ հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացմանը: «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը սպորտի կուրատորն է, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---