Եւ' Ադրբեջանը, եւ' Ղարաբաղը տարածքային ամբողջականության հավասար իրավունքներ ունեն

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան գործընթացում հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանը պնդում է իր տարածքային ամբողջականության պահպանումը եւ համարում է Ղարաբաղը Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության մի մասը: Այդ մասին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, ԽՍՀՄ փլուզման արդյունքում արմատական փոփոխություններ տեղի ունեցան, փոխվեց Եվրոպայի ողջ քարտեզը: «Մենք երբեք հանդես չենք եկել որեւէ երկրի տարածքային ամբողջականության դեմ: Սակայն, այնուամենայնիվ, մենք համոզված ենք` եւ' Ադրբեջանը, եւ' Ղարաբաղը տարածքային ամբողջականության հավասար իրավունքներ ունեն, երկուսն էլ անկախ գոյատեւման իրավունք ունեցող երկրներ են: Դա հենց այն խոչընդոտն է, որին հանգում են բանակցությունները վերջին 15 տարիների ընթացքում: Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է: Նա երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս: Այսօր Ղարաբաղում ապրում է սերունդ, որը որեւէ առնչություն չունի Արդբեջանի հետ եւ նույնիսկ չի կարող պատկերացնել կյանքն այլ պետության կազմում»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:



«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման» վերաբերյալ Բաքվի պնդման մասին հարցին պատասխանելով` ՀՀ նախագահը հայտարարեց. «Երկու թյուր պնդում գոյություն ունի. առաջինը Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացման մասին է, երկրորդը` մեկ միլիոն ադրբեջանցի գաղթականների վերաբերյալ ինֆորմացիան: Իրական թվերը լրիվ այլ են: Այնուամենայնիվ, Ադրբեջանի մտացածին թվերն այնքան հաճախ են կրկնվել, որ այժմ իրականություն են թվում: Գաղթականների շարքին պատկանում են մարդիկ հակամարտող երկու կողմերից էլ. հայեր եւ ադրբեջանցիներ: Խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում ապրում էր կես միլիոն հայ` չհաշված Ղարաբաղում ապրողներին: Ու՞ր են նրանք այժմ: Նրանց մի մասը այժմ ապրում է Հայաստանում, մյուս մասը` Ռուսաստանում, մնացածը ցրված են աշխարհով մեկ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքներին, ապա մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ գտնվող Լաչինի միջանցքից բացի մենք պատրաստ ենք բանակցություններ վարել մյուս տարածքները Ադրբեջանին հանձնելու պայմանների վերաբերյալ: Եթե Ադրբեջանն իրականում մտահոգված լիներ իր գաղթակնների եւ իր իրավասությունից դուրս գտնվող հողերի վերաբերյալ իրավիճակի հարցով, ապա կարող էր վաղուց կարգավորած լինել այդ հարցը, եթե Ադրբեջանի նախագահը ստորագրեր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված համաձայնագիրը», հաղորդում է Groong-ը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---