«The Huffington Post»-ը Եվրախաղերի մասին. Ամոթ է, որ ՄՕԿ-ը դեմ չարտահայտվեց Ադրբեջանի գործողություններին

«The Huffington Post»-ը Եվրախաղերի մասին. Ամոթ է, որ ՄՕԿ-ը դեմ չարտահայտվեց Ադրբեջանի գործողություններին

PanARMENIAN.Net - Երբ Բաքվում տեղի ունեցավ Եվրոպական խաղերի բացումը և Լեդի Գագան տերևների տակ ծվարած դաշնամուրով կատարեց «Imagine» երգը, վստահաբար դժվար էր պատկերացնել, թե ինչ կզգար Ջոն Լենոնը` իմանալով, որ իր հայտնի բողոքական ոգով երգը համապատասխանեցվել է Եվրոպայի ամենաբռնատիրական ռեժիմներից մեկի ոգուն: Անդրադառնալով Բաքվում Եվրոպական խաղերի անցկացմանը` «The Huffington Post» պարբերականի բրիտանական տարբերակում գրում է իրավապաշտպան կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Նաոմի Ուեսթլանդը:

Հոդվածագրի դիտարկմամբ` հավանաբար Բաքու 2015-ի կազմակերպիչները կարծում էին, որ խաղաղության և միասնության մասին այս երգը համապատասխան կլինի Օլիմպիական արժեքներին, ինչպես նաև, ըստ հոդվածագրի, իշխանությունները կարծում էին, որ դա մարդկանց կստիպի հավատալ իրենց երկրի կերպարին, որը նրանք ջանասիրաբար փորձում էին մաքրել աշխարհի առաջ այդ կարևոր իրադարձության միջոցով, հայտնում է Panorama.am-ը:

Առաջին Եվրոպական խաղերը մեկնարկեցին Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում:

«Ինչ ամոթ է, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն դեմ չարտահայտվեց Ադրբեջանի կառավարության գործողություններին, որն, ըստ էության, խաղերի նախաշեմին բռնության և սպառնալիքի ճանապարհով ոչնչացրեց քաղաքացիական հասարակությանը: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը բացման արարողության ժամանակ կանգնած էր Ադրբեջանի նախագահ Ալիևի կողքին, իսկ անցած հանգստյան օրերին հանդիպեց մարզիկներին, բայց դատապարտող որևէ խոսք անգամ չշշնջաց այն համատեքստի մասին, որի շրջանակներում տեղի են ունենում այս խաղերը»,- գրում է հոդվածագիրը:

Վերջինս փաստում է, որ ոչ միայն լրագրողները, իրավապաշտպաններն, ընդդիմադիր գործիչներն ու երիտասարդ ակտիվիստներն են բռնաճշումների ենթարկվել, ձերբակալվել անհիմն մեղադրանքներով, այլ նաև իշխանությունները երկրի դռները փակել են միջազգային դիտորդների, հասարակական կազմակերպությունների դեմ` ներառյալ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության և «The Guardian» պարբերականի ներկայացուցիչների դեմ:

Հոդվածագիրը նկատում է, որ Ադրբեջանում տեղի ունեցող բռնությունների նկատմամբ կասկածելի լռությամբ առանձնանում է ոչ միայն Միջազգային օլիմպիական կոմիտեն, այլ նաև եվրոպական մի շարք երկրների սպորտային կոմիտեները:

«Ոչ մի բառ չարտաբերեց նաև Դևիդ Քեմերոնը, չնայած, չէ՞ որ Ադրբեջանը շատ նավթ և գազ ունի, իսկ բրիտանական կառավարությունը, ըստ հաղորդագրությունների, Եվրոպական խաղերն օգտագործում է Ադրբեջանի նախագահ Ալիևին քծնելու համար՝ լավագույն առևտրային գործարքներն ապահովելու նպատակով:Ադրբեջանը ցանկանում էր, որ Եվրոպական խաղերը PR-հաղթանակ դառնան՝ աշխարհին ցույց տալով երկրի ժամանակակից, դինամիկ կերպարը: Փոխարենը դրանք PR-աղետ դարձան ոչ միայն կառավարության, այլ նաև կազմակերպիչների համար»,- գրում է հոդվածագիրը` հիշեցնելով միջազգային մամուլում Ադրբեջանի հասցեին հնչեցվող ամենատարբեր քննադատությունները:

Նշելով, որ առաջիկայում Ադբեջանը հյուրընկալելու է նաև այլ սպորտային միջոցառումներ, հոդվածագիրը նկատում է, որ սպորտի միջոցով սեփական երկրի կերպարը միջազգային հանրության առաջ մաքրելը դառնում է տխուր միտում:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել խաղերը լուսաբանելու համար, ներառյալ՝ բրիտանական The Guardian-ը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ Մարիետ Շաակեն կոչ արեց գործընկերներին ու Եվրոպայի քաղաքական գործիչներին բոյկոտել Եվրոպական խաղերն ու հրաժարվել մասնակցությունից այդ միջոցառմանը:

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ արեց ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---