Կանադայում մարդու 13.000 տարվա վաղեմության ոտնահետքեր են գտել

Կանադայում մարդու 13.000 տարվա վաղեմության ոտնահետքեր են գտել

PanARMENIAN.Net - Կանադայի Բրիտանական Կոլումբիա գավառի Քալվերթ կղզում հայտնաբերվել են մարդու հետքեր, որոնք հնագույնն են Հյուսիսային Ամերիկայում: Ըստ հնագետների, 13.000 տարի առաջ հետքերը 3 մարդ է թողել` տղամարդ, կին և երեխա:

Ոտնահետքերը հայտնաբերվել են կղզու ափամերձ շրջանում: Հարևանությամբ գիտնականները հայտնաբերել են հինավուրց օջախի հատվածներ` ենթադրվում է, որ հետքերը թողած մարդիկ են օգտվել օջախից: Ոտնահետքերի եզակի պահպանվածությունը գիտնականները բացատրում են այդ վայրում թաց կավի առկայությամբ. հետո ոտնահետքերը ծածկվել են ավազով, ինչն էլ պահպանել է դրանք:

Բոլոր հետքերը հաջողվել է բաժանել 3 խմբի ըստ չափերի: Ոտնահետքերի առաջին խմբաքանակը, հավանաբար, պատկանում է հաղթանդամ տղամարդու, երկրորդը` կնոջ, երրորդը` երեխայի: Ըստ տեղում հայտնաբերված ածուխի ռադիոածխածնային թվագրման, հետքերի տարիքը մոտ 13 200 տարի է:

Ամերիկայում հայտնաբերված ամենահին ոտնահետքերը 14500 տարվա վաղեմություն ունեն, դրանք հայտնաբերվել են Չիլիում: Նոր ոտնահետքերը այս տեսակի ամենահին գտածոն են Հյուսիսային Ամերիկայում: Ըստ հնագետների, այս բացահայտումը հաստատում է, որ հնադարյա մարդիկ բնակվել են ժամանակակից Կանադայի արևմտյան ափի երկայնքով, այդ թվում` մոտակա կղզիներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---