ՄԱԿ-ը կրճատել է պարենային օգնությունը սիրիացի փախստականներին. Միջոցները սուղ են

ՄԱԿ-ը կրճատել է պարենային օգնությունը սիրիացի փախստականներին. Միջոցները սուղ են

PanARMENIAN.Net - Հակամարտությունից տուժած սիրիացի փախստականներին պարենային օգնության ՄԱԿ ծրագիրը ֆինանսավորվել է միայն 23 տոկոսով: Այս մասին հայտնել է ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունը: Ինչպես ասել են վարչությունում, ակնկալվող 4,53 մլրդ դոլարի փոխարեն դոնորներից ծրագրի ֆինանսավորման համար մինչև մայիսի վերջ ստացվել է միայն 1,06 մլրդ դոլար: Սիրիական ճգնաժամը «շատ ավելի մեծ համերաշխություն է պահանջում միջազգային հանրությունից, քան այն, որ մենք տեսել ենք մինչ օրս», հայտարարել է ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը: «Մենք այնքան թույլ ֆինանսավորում ունենք, որ վտանգված է նույնիսկ հիմնական կարիքներին արձագանքելու կարողությունը, որոնք պետք է ապահովեն միլիոնավոր մարդկանց հիմնական կարիքներն առաջիկա 6 ամսում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Միջոցների սղության պատճառով կրճատվել է պարենային օգնության ծրագիրը 1,6 մլն փախստականների համար: 750 հազար երեխա չի հաճախում դպրոց, բժշկական ծառայությունները չափազանց թանկ են դարձել շատերի համար, ներառյալ 70 հազար հղի կանանց, նշում են վարչությունում; Փախստականների մոտ 86 տոկոսը Հորդանանում աղքատության շեմից ցածր պայմաններում է, յուրաքանչյուրին մեկ օրվա համար հատկացվում է մոտ 3,2 դոլար: Լիբանանում ապաստան գտած փախստականների 45 տոկոսը տեղակայվել է կացարաններում, որոնք չեն համապատասխանում ընդունված չափանիշներին:

Եթե Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում և Եգիպտոսում ապաստան գտած սիրիացի փախստականների համար ֆինանսավորում չհատկացվի, զգուշացնում է ՄԱԿ-ն ու ՈԿԿ-ները, ապա մոտ 130.000 ընտանիք չի կարողանա կանխիկ գումար ստանալ հիմնական կարիքները հոգալու համար, իսկ առավել խոցելի խմբերը չեն ստանա սննդի վաուչերներ: Խափանման վտանգի տակ է նաև ջրի մաքրմամբ ու կոյուղաջրերի հեռացմամբ զբաղվող ծառայությունների աշխատանքը: Մինչև 1,7 մլն մարդ կարող է այս ձմեռ առանց վառելիքի մնալ, առանց տանիքի և առանց տաք հագուստի:

Ըստ ՄԱԿ տվյալների, այս տարի նախատեսվում էր աջակցություն ցուցաբերել 4,27 մլն սիրիացի փախստականներին և տարածաշրջանի շուրջ 20 մլն բնակիչների, որոնք զրկանքներ են կրում շարունակվող հակամարտության պատճառով: Ըստ ՄԱԿ գերագույն հանձնակատարի Փախստականների գծով վարչության զեկույցի, 2014 թվականին ավելի քան 60 մլն մարդ է ստիպված եղել լքել տունը պատերազմների, հակամարտության կամ հետապնդումների պատճառով: Սա ռեկորդային թիվ է: Ըստ զեկույցի, 2014-ին ամեն օր փախստականների, տեղահանվածների և քաղաքական ապաստան փնտրող անձանց թիվը ավելացել է 42,5 հազարով, ինչը չորս անգամ ավելի է, քան 2010-ին:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում մոտ 4,2 միլիոն մարդ փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 12 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 100-ից ավելի հայ է զոհվել:

Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---